Գլխավոր էջ





Գիտաժողով «Կլինիկական հոգեբանի գործիքները կախվածությունների հետ աշխատելիս» թեմայով

Ապրիլի 11, 2022

Ս.թ. ապրիլի 11-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ «Կլինիկական հոգեբանի գործիքները կախվածությունների հետ աշխատելիս» խորագրով գիտաժողով, որը կազմակերպվել էր հոգեբանության ամբիոնի և Կենտրոնի գործատու հանդիսացող «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հետ համատեղ։

Գիտաժողովին մասնակցում էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմը, ՀՀ ՊՆ ԳՇ փոխգնդապետները, «Պավլ-Մեդ» հոգեկան առողջության կենտրոնի մասնագետները, հերոսածին մայրերը, զոհված զինծառայողների կանայք, Կենտրոնի մագիստրոսները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև ուսանողներ տարբեր ուսումնական հաստատություններից։

Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, ով ընդգծեց, որ կախվածության տարբեր տեսակներով տառապող մարդկանց թիվն այսօր գնալով աճում է: Ներկայումս շատ տարածված է կախվածությունը հոգեմետ նյութերից (այդ թվում՝ ալկոհոլից և ծխախոտից), մոլախաղերից, համակարգչից և տեսախաղերից, ինչպես նաև որոշ սննդամթերքներից և նույնիսկ՝ մարդկային տարբեր հարաբերություններից: Ցանկացած կախվածության հիմքում ընկած են հոգեբանական խնդիրներ, որի արդյունքում կախվածությունը հեշտ է ձեռք բերվում, իսկ դրանից ձերբազատվելն արդեն դժվար է: Գիտաժողովը միտված էր հենց այս հիմնախնդիրների բացահայտմանը՝ նպատակ ունենալով մեկտեղել մասնագիտական փորձն ու հմտությունը և արդյունավետ գործիքակազմ կիրառելով՝ ներկայացնել առավել օպտիմալ լուծումներ:

Մասնագիտական աշխատանքային փորձի հիման վրա իրենց մոտեցումները ներկայացրին ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության ավագ սպա, փոխգնդապետ, հոգեբան Արմինե Հովհաննիսյանը, «Պավլ-Մեդ» հոգեկան առողջության կենտրոնի մասնագետ Քրիստինե Հովհաննիսյանը, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Մարիամ Մեհրաբյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրոսները։

Գիտական զեկույցներից հետո ներկայացվեց «Ժեստ» հոգեբանական կենտրոնում իրականացրած հոգեբանության ամբիոնի մագիստրոսների պրակտիկայի հաշվետվություններն ու կատարած աշխատանքները, որոնք անմիջականորեն վերաբերում էին կախվածությունների հիմնախնդրին։

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին