Միջամբիոնային կապերի սերտացմանն ուղղված ամենամյա համաժողով
Հունիսի 3, 2024Հունիսի 3-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ կրթության որակի ապահովման բաժնի կողմից կազմակերպված համաժողով, որին մասնակցում էին ԳԿՄԿ տնօրենության անդամներն ու ամբիոնի վարիչները:
Համաժողովը նպատակաուղղված էր ուսումնական տարվա ընթացքում ԳԿՄԿ ամբիոնների կողմից կատարված աշխատանքների ներկայացմանը, միջամբիոնային կապերի սերտացմանն ու առաջավոր փորձի տարածմանը:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ողջունեց մասնակիցներին՝ ընդգծելով բուհի ներսում լավագույն փորձի փոխանակման շրջանակում ամբիոնների վարիչների ներգրավմամբ նմանատիպ հանդիպումների կարևորությունը:
Նիստը վարում էր որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, ով իր ելույթում կարևորեց այսօրինակ համաժողովների պարբերական կազմակերպումը, որոնց շրջանակներում հնարավորություն է ընձեռվում ԳԿՄԿ ամբիոններին ներկայացնել վերջին ձեռքբերումները, տեղեկացնել կրթական ծրագրերի մոնիթորինգի արդյունքում կատարված փոփոխությունների, ՄԿԾ-ների իրականացման, մշտադիտարկման և բարելավման գործընթացների արդյունքների մասին: Իր խոսքում Նարինե Վարդանյանը շեշտեց, որ նմանատիպ համաժողովների ընթացքում են ձևավորվում և մշակվում համատեղ գիտական, հետազոտական նորարարական գաղափարները, որոնք հետագայում դառնում են գործուն նախագծեր և կյանքի կոչվում:
Համաժողովի ընթացքում ԳԿՄԿ ամբիոնների վարիչները ներկայացրին իրենց ամբիոնների գործունեությունը, ուսումնական տարվա արդյունքներն ու ձեռքբերումները՝ ամբիոնների գիտական ուղղվածության շեշտադրմամբ, ինչպես նաև ուրվագծվեց ԳԿՄԿ այլ ամբիոնների հետ համագործակցության հեռանկարները: Ակնհայտ էր, որ ավելացել էին ուսանողների հետազոտական և վերլուծական կարողությունների զարգացումն ապահովող առաջադրանքները, որոնք բխում են ժամանակակից աշխատաշուկայի պահանջներից: Հատուկ ուշադրության արժանացավ այն փաստը, որ տարեց տարի մեծանում է աշխատանքի ընդունվող ԳԿՄԿ ուսանողների ու շրջանավարտների թիվը, ովքեր համալրում են երիտասարդ գիտնականների շարքերը ՀՀ ԳԱԱ տարբեր գիտական կառույցներում և ինստիտուտներում կամ շարունակում իրենց մասնագիտական ուղին ասպիրանտուրայում:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը ներկայացրեց միջամբիոնային հետազոտության հաջողված փորձը, մասնավորապես՝ կրթական վերջնարդյունքների և շուկայի պահանջների համապատասխանությունը տնտեսագիտության և կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն» ՄԿԾ-ի 2018-2022 թթ. շրջանավարտների գոհունակության տեսանկյունից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը մասնակիցներին տեղեկացրեց INTERREG NEXT Սևծովյան ավազանի համագործակցության դրամաշնորհային ծրագրին դիմելու հնարավորությունների մասին:
Համաժողովի վերջում որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը ԳԿՄԿ ամբիոնների վարիչների մասնակցությամբ SWOT վերլուծության միջոցով վեր հանեց ԳԿՄԿ մասնագիտական ամբիոնների և ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների համագործակցության ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու վտանգները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին