Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականների համաժողովին Նիժնի Նովգորոդում

Նոյեմբերի 10, 2022

Ս.թ. նոյեմբերի 1-4-ը Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ Ն. Լոբաչևսկու անվան ազգային հետազոտական համալսարանում, կայացավ «Գիտությունն առանց սահմանների» խորագրով ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականների համաժողովը: Համաժողովին մասնակցում էր 384 երիտասարդ գիտնական ԱՊՀ անդամ-պետություններից: Քառօրյա համաժողովի ընթացքում ներկայացվեց շուրջ 250 զեկուցում ինը բաժանմունքներում:

Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 20-հոգանոց երիտասարդ գիտնականների պատվիրակությունը, որի կազմում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից ընդգրկված էր Կենտրոնի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը: Մ. Սարգսյանը ներկայացրեց զեկուցում «Լեզվաբանական գիտակարգերի զարգացման հնարավորությունները թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում» թեմայով «Պահպանելով ժառանգությունը» բաժանմունքում: Իր զեկուցման մեջ բանախոսն անդրադարձավ լեզվաբանական գիտական հարացույցի փոփոխություններին թվային տեխնոլոգիաների դարաշրջանում՝ նշելով այդ փոփոխությունների դրական և բացասական կողմերը, վեր հանեց թվային լեզվաբանության առանձնահատկությունները և զարգացման միտումները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ԱՊՀ երկրներում, ցույց տվեց լեզվաբանական գիտակարգերի համակարգի տեղաշարժերը, գիտակարգերի փոխակերպումները և զարգացման հեռանկարները:

ԱՊՀ պետությունների մասնակից-անդամների միջև ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, ձեռք են բերվել մի շարք համագործակցային կապեր:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին