Գլխավոր էջ





Ճանաչողաուսուցողական արշավ

Սեպտեմբերի 30, 2021

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի և ուսանողական խորհրդի կազմակերպած ճանաչողաուսուցողական հերթական արշավ Տավուշի մարզում էր։ Առաջին կանգառը տավուշյան հրաշք բնության գրկում խոյացած Վահրամյանների հզոր իշխանության հոգևոր կենտրոն 12-րդ դարի Վարագավանք վանական համալիրն էր: Ուսանողները ծանոթացան վանքի պատմությանն առնչվող հետաքրքիր փաստերին ու տարբեր զրույցների: Այնուհետև արշավախումբը շարժվեց դեպի 13-րդ դարի Ջուխտակ վանք, որը, համապատասխան իր անվանմանը, ունի երկու եկեղեցի: Վայելելով տավուշյան բնության հրաշքները՝ վերջում այցելեցինք Դիլիջանի փայտերի թանգարանում, որտեղ ցուցադրված էին փայտե ձեռագործ աշխատանքներ, որոնք հիացրին արշավի բոլոր մասնակիցներին:

Արշավականներն ունեցան հագեցած և չափազանց հիշարժան օր: Մասնակիցներին ուղեկցում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմաբան Հարություն Խուդանյանը: Արշավի ողջ ընթացքում նա արժեքավոր և հետաքրքիր տեղեկություններ ու պատմական փաստեր ներկայացրեց՝ Տավուշի և նրա տեսարժան վայրերի մասին:

Ուսանողներն արշավից վերադարձան անմոռանալի տպավորություններով և որոշեցին նոր բացահայտումներով հագեցած մեկ այլ ուղևորություն կատարել Հայաստանի մարզերից որևէ մեկում:



ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին