Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում

Մարտի 15, 2023

Փաստաբանների պալատում ուսանողների և աշակերտների գիտակրթական շրջայցերը մշտական բնույթ են կրում:

Մարտի 15-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի մագիստրատուրայի ուսանողները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում, որտեղ նրանց ողջունեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Սիմոն Բաբայանը ապագա իրավաբաններին ներկայացրեց Պալատի կառուցվածքը, փաստաբանական գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև պատասխանեց ուսանողների մի շարք հարցերին, որոնք վերաբերում էին փաստաբանի վարքագծին, հանրային պաշտպանների աշխատանքին ու արդար դատաքննության իրականացմանը: Այնուհետև ուսանողներին հնարավորություն ընձեռվեց շրջելու Փաստաբանների պալատի վարչական շենքում և անմիջականորեն ծանոթանալու Փաստաբանների պալատում, փաստաբանական ակադեմիայում և հանրային պաշտպանի գրասենյակում տարվող աշխատանքներին:

Փաստաբանական ակադեմիայում ուսանողները ծանոթացան ընդունելության պայմաններին և ուսուցման մեթոդներին: Սիմոն Բաբայանը ներկայացրեց ընդունելության կարգը՝ նշելով, որ ընդունելության և որակավորման քննությունների կազմակերպման մշակված ընթացակարգը նվազեցնում է մարդկային գործոնը:

Հանրային պաշտպանի գրասենյակում նրանց ներկայացվեց հանրային պաշտպանության կարևորությունը, պաշտպանների գործառույթները և դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանները:

Պալատի նախագահն ընդգծեց, որ փաստաբանների կողմից տարվում է լայնածավալ աշխատանք հասարակության շրջանում իրավագիտակցության բարձրացման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

Շնորհակալություն հայտնելով փաստաբանության նկատմամբ հետաքրքրություն ունենալու համար՝ Փաստաբանների պալատի նախագահը հույս հայտնեց, որ ներկա ուսանողներից շատերն ապագայում կհամալրեն փաստաբանների շարքերը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին