Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողների ճանաչողական արշավը դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր

Հուլիսի 6, 2022

Ս.թ. հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա.Սարգսյանի աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի և Ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպվեց ճանաչողական արշավ ԳԿՄԿ ուսանողների համար՝ բացահայտելու Հայաստանի պատմամշակութային արժեքները:

Արշավի մեկնարկը տրվեց հայկական ճարտարապետության եզակի կառույցներից մեկի՝ Զվարթնոցի տաճարից, որը ներառված է Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Ընթացքում արշավի մասնակիցները հնարավորություն ունեցան կրկին վերհիշելու 7-րդ դարում կառուցված տաճարի ստեղծման պատմությանն առնչվող հետաքրքիր փաստերն ու զրույցները:

ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը հետաքրքիր ծանոթության վարժանք կազմակերպեց արշավի մասնակից ուսանողների միջև:

Արշավախմբի հաջորդ ուղղությունն էր Սարդարապատի հուշահամալիրն ու թանգարանը՝ ևս մեկ անգամ հիշատակի տուրք մատուցելու և խոնարհվելու 1918թ.-ի հայ-թուրքական ճակատամարտում փառահեղ հաղթանակ տարած մեր հերոսամարտիկների հիշատակի առջև: Ուսանողները ծանոթացան նաև հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող ազգագրական թանգարանի հետ, որտեղ հետաքրքիր կերպով ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստն ու կենցաղը՝ սկսած նախնադարյան հասարակարգից մինչև մեր օրեր:

Արշավն ամփոփվեց Քաղենիի զարմանահրաշ ամրոցում, որն իր ճարտարապետական լուծումներով և ռազմավարական նշանակությամբ եզակի համալիր է՝ տեղակայված Արագածոտնի մարզում: Այստեղ արշավախմբի մասնակից ուսանողները հնարավորություն ունեցան նաև մասնագիտական տարբեր հետազոտություններ իրականացնել և բացահայտել Հայաստանի խոշորագույն ամրոցներին մեկն իր ողջ հմայքով՝ մանրամասն ուսումնասիրելով վերջինիս ներսում գտնվող միջնաբերդը, եկեղեցին, Սուրբ Քրիստափորի վանքը և հնագույն բնակատեղիի ավերակները:

Օրվա վերջում արշավի մասնակիցները տպավորված էին ունեցած հագեցած և հետաքրքիր օրով և նշեցին, որ նման հիշարժան օրեր հաճախ է պետք կազմակերպել միասին հաճելի ժամանակ անցկացնելու և, ինչու չէ, նաև համատեղ մասնագիտական բացահայտումներ իրականացնելու համար:

ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանն իր հիացմունքն արտահայտեց արշավի մասնակիցների անհատական և մասնագիտական որակների նկատմամբ և խոստացավ, որ հաջորդ ուսուցողական արշավը չի ուշանա. երթուղին արդեն համատեղ որոշված է, որը կկազմակերպվի նոր ուսումնական տարում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին