Մեկնարկեց «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագիրը կրող իրավաբանական 3-րդ դպրոցը
Սեպտեմբերի 23, 2021Ս/թ սեպտեմբերի 17-ին մեկնարկեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի, հանրային կապերի և կարիերայի բաժնի, ինչպես նաև ՈւԽ նախաձեռնությամբ կազմակերպվող «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագիրը կրող իրավաբանական 3-րդ դպրոցը, որը կգործի մինչև հոկտեմբերի 3-ը:
Դպրոցի շրջանակներում մատուցվող դասընթացները, որոնք վարում են Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս իրավագիտության ոլորտին առնչվող լավագույն մասնագետներն ու դասախոսները, կնպաստեն հասարակության իրավագիտակցության բարձրացմանը, պարզ իրավաբանական գիտելիքների ձեռքբերմանը, տեսական և գործնական հմտությունների ձևավորմանը:
Դասընթացների վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր: Հավաստագրեր ստանալու համար անհրաժեշտ պայման է ունկնդրի 80 % մասնակցությունը դասախոսություններին:
Դասընթացներն ունեն հետևյալ ուղղվածությունները՝
- Մարդու իրավունքներ
- Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկա
- Ժառանգական իրավունք
- Բանկային իրավունք
- Անձանց քրեաիրավական պաշտպանություն և քրեական գործեր
- Մտավոր սեփականություն
- Իրավաբանական հմտություններ (իրավաբանական տեխնիկա և իրավաբանական գրագրություն)
- Պայմանագրային իրավունք
- Միջազգային իրավունք
Առաջին դասին դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ Տարոն Սիմոնյանը: Հանդիպման սկզբում Տ. Սիմոնյանը ողջունելով դպրոցի բոլոր ունկնդիրներին և կազմակերպիչներին՝ կարևորեց իրավունքի իմացությունը, շնորհակալություն հայտնեց հրավերի և համագործակցության առաջարկի համար:
Դասախոսության ընթացքում ներկայացվեցին ազգային շահի պաշտպանության միջազգային իրավական կառուցակարգերը, Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը, արցախյան հիմնախնդրը, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները և դրանց հաղթահարման ուղիների տարբերակները:
Նշենք, որ բոլոր դասընթացները հասանելի են հասրակության տարբեր խմբերին և անցկացվում են բացառապես անվճար հիմունքներով: Մասնակցության հայտ է ներկայացրել 116 քաղաքացի:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին