Գլխավոր էջ





«Բարևարքության ամրապնդումը բարձրագույն ուսումնական համակարգում» թեմայով համաժողով

Նոյեմբերի 18, 2015

2015 թ. նոյեմբերի 16-17-ը Ծաղկաձորում կայացավ «Բարեվարքության ամրա­պնդում բարձրագույն ուսումնական համակարգում» խորագրով համաժողով, որին մասնակցեց նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչի տեղակալ Արամ Սիմոնյանը:
Համաժողովն անցկացվեց Եվրոպայի խորհրդի «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում: Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով ոլորտում առկա մարտահրավերների և նրանց հաղթահարման հրատապության մասին: Համաժողովի ընթացքում կրթական համակարգում բարեվարքության ամրապնդման և թափանցիկության բարձրացման հիմնախնդիրների ու դրսևորումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների ու ուղիների մասին զեկույցով ներկայացան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը և այլք։
Քննարկելով ոլորտում առկա հիմնախնդիրները՝ նշվեց բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում ինչպես կրթական ոլորտի աշխատակիցների՝ վարչակազմի և դասախոսների, այնպես էլ ուսանողների հետ համագործակցության անհրաժեշտության մասին, քանի որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել իրատեսական արդյունքների:
Համաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց ուսումնական հաստատությունների գրանցած լավագույն փորձը և քննարկելու հետագա համագործակցության հնարավոր տարբերակները: