Գլխավոր էջ





Ի դեմս ԳԿՄԿ շրջանավարտների՝ Երկրաբանության ինստիտուտի գիտական ներուժն ընդլայնվում է

Սեպտեմբերի 13, 2023

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը բարի երթ մաղթեց երկրաբանության ամբիոնի 2022/2023 ուստարվա շրջանավարտներին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը, ով շնորհավորելով մագիստրոսներին՝ հույս հայտնեց, որ մշտապես բարձր կպահեն ԳԿՄԿ-ի հեղինակությունն ու կգրանցեն մասնագիտական հաջողություններ:

Իր բարեմաղթանքներն հղեց նաև ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, ով շնորհավորեց շրջանավարտներին՝ ընդգծելով, որ ուսման տարիներին ձեռքբերած փորձն ու մագիստրոսական կրթությունն արդեն իսկ նրանց մասնագիտական հաջողության մեկնարկն է: «Սովորաբար շրջանավարտներին շնորհավորելիս ես միշտ հորդորում եմ կապը չկտրել ԳԿՄԿ-ի հետ, բայց ձեր դեպքում դա այլևս արդիական չէ, քանի որ գրեթե բոլորդ էլ արդեն աշխատում եք ինստիտուտում»,- նշեց Ա. Մխիթարյանը:

Շնորհավորական ուղերձով ներկայացավ նաև ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, ով կարևորեց այն փաստը, որ մագիստրոսներին հաջողվել է իրենց ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում ինստիտուտի լաբորատորիաներում՝ մասնակցելով տարատեսակ հետազոտական նախագծերին, և այսօր արդեն հնարավորություն ստացել աշխատելու Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ինչը նշանակում է, որ որպես հետազոտական բուհ՝ ԳԿՄԿ-ն հավատարիմ է մնում իր առաքելությանը:

Երկրաբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Սարգսյանն էլ իր հերթին շնորհավորելով շրջանավարտներին՝ շնորհակալություն հայտնեց մագիստրոսներին բարձր առաջադիմության, պատասխանատվության և նպատակասլացության համար՝ հպարտությամբ նշելով, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը համալրվել է երիտասարդ որակյալ կադրերով, ինչը նշանակում է, որ պրոֆեսորադասախոսական կազմն իր առջև դրված խնդիրը լուծել է:

Շնորհավորական ուղերձներին հաջորդեց դիպլոմների հանդիսավոր հանձնումը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին