ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արմեն Սարգսյանը
Հունիսի 19, 2024Ս.թ. հունիսի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց Արմեն Սարգսյանը:
Իր աշխատանքային ուղին Արմեն Սարգսյանն անցել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ցանցային ադմինիստրատոր, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի պետի տեղակալ, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020թ․ դեկտեմբերից Արմեն Սարգսյանը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենն է:
Իր ղեկավարման երեք տարիների ընթացքում Արմեն Սարգսյանը ակտիվ գործունեություն է ծավալել՝ ուղղված Կնետրոնում մրցունակ կրթության ապահովմանը, միջազգային առաջատար բուհերի հետ համագործակցության ընդլայնմանը, որն ակտիվ վերելք է գրանցել և´ գործընկեր կազմակերպությունների, և´ միջազգային շարժունության առումներով, նորարարական գիտահետազոտական աշխատանքների ակտիվ իրականացմանը, նոր ամբիոնների ու մագիստրոսական կրթական ծրագրերի ներդրմանը, որոնք հաշվի են առնում արդի մարտահրավերներն ու աշխատաշուկայի ներկայիս պահանջները, գիտական նոր լաբորատորիաների, ինչպես նաև մեդիալաբորատորիայի ստեղծմանը, որն ապահովելու է ժամանակակից մեդիաբովանդակություն թիրախային խմբի համար: Ներկայումս էլ մի շարք կարևոր գործընթացներ դեռևս իրագործման փուլում են, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում դրանց դինամիկ զարգացումն ապահովելու համար:
Նիստի ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրեց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2024-2028թթ․ զարգացման ռազմավարական ծրագիրը՝ ընդգծելով, որ Կենտրոնի տեսլականն է դառնալ գիտական ստեղծարար ﬕջավայր ապահովող և նորարություններով առաջնորդվող հետազոտական համալսարան՝ խթանելով հետազոտահեն կրթության, գիտության, արտադրության ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությունը։
Նախատեսվում է հետազոտահեն կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ﬕջավայրի և ենթակառուցվածքների շարունակական արդիականացում ու կատարելագործում, մագիստրոսական ծրագրերի հետազոտական բաղադրիչի ավելացում, մագիստրոսական թեզերի թեմաների շաղկապում կենտրոնում և ԳԱԱ համակարգի ինստիտուտներում իրականացվող գիտական թեմաներին, գիտական ծրագրերում ուսանողների, ասպիրանտների մասնակցության խթանում, աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոնների հետ համագործակցային կապերի ընդլայնում և համատեղ ծրագրերի իրականացում։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի աշխատակազմը սիրով շնորհավորում է տնօրեն Արմեն Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով ստեղծագործ և բեղուն աշխատանք՝ ի նպաստ Կենտրոնի հետագա զարգացման:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին