Գլխավոր էջ





Դոկտորական դպրոցների ձևավորման ուղին ARMDOCT ծրագրի ընթացիկ աշխատանքների առանցքում

Ապրիլի 21, 2023

Ս.թ. ապրիլին ARMDOCT ծրագրի հայաստանյան գործընկերներն առցանց հանդիպում անցկացրեցին՝ քննարկելու ինչպես երկարաժամկետ ծրագրի իրականացման ընթացքը, այնպես էլ տարբեր աշխատանքային փաթեթներով նախատեսված գործողությունների առաջընթացը:

Հանդիպման ընթացքում գործընկեր կառույցներից յուրաքանչյուրը ներկայացրեց դոկտորական դպրոցների ներդրման և զարգացման ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքները: Հիշեցնենք, որ ԱՐՄԴՈԿՏ ծրագիրը նպատակ ունի զարգացնել դոկտորական (բարձրագույն կրթության երրորդ մակարդակ) կրթական ծրագրեր տարբեր ոլորտներում և ՀՀ տարբեր բուհերում: Յուրաքանչյուր նմանատիպ ծրագիր իր առջև խնդիր է դնում բավարարել Հայաստանի բարձրագույն կրթության հատուկ կարիքներն ու դիմակայել մարտահրավերներին, ուսանողներին տրամադրել ժամանակակից նորարարական հմտություններ և գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են իրենց ոլորտներում առաջատար դառնալու համար:

Համագործակցային միջգիտակարգային դոկտորական դպրոցի ձևավորման և զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին բանավոր ներկայացմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը: Նա մանրամասն պատմեց «Կայուն զարգացում» դոկտորական դպրոցի  ձևավորման ընթացիկ աշխատանքների, մշակվող փաստաթղթային փաթեթի և կրթական ծրագրով նախատեսվող առարկայացանկերի հիմնական ուղղվածությունների մասին, խոսեց համագործակցային դոկտորական դպրոցի հնարավոր կառուցվածքի և կառավարման մարմինների և դրանց գործառույթների մասին:

Դոկտորական դպրոցների և ARMDOCT ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես ԳԿՄԿ նորություններ բաժնում, այնպես էլ ԱՐՄԴՈԿՏ ծրագրի պաշտոնական կայքում՝ https://armdoct.com/:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին