«ԱՐՄԴՈԿՏ» Եվրոմիության Էրազմուս+ ծրագրի «Աստիճանաշնորհում» աշխատանքային խումբն ամփոփեց առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները
Հունվարի 19, 2021Սույն թվականի հունվարի 15-ին տեղի ունեցավ Եվրոմիության Էրազմուզ+ «ԱՐՄԴՈԿՏ» ծրագրի «Աստիճանաշնորհում» աշխատանքային ենթախմբի առցանց հանդիպումը։
Հիշեցնենք, որ սույն ենթախմբի աշխատանքները համակարգում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ի դեմս դեկան Ատոմ Մխիթարյանի։
Հանդիպում-քննարկմանը մասնակցեցին հետևյալ գործընկեր-կառույցների ներկայացուցիչները՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Եվրասիա միջազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Վանաձորի պետական մանկավարժական համալսարան, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն՝ իր ներկայանալի պատվիրակությամբ։
2 ժամից ավել տևած հանդիպման ժամանակ քննարկվեցին դոկտորական կրթության աստիճանաշնորհման համակարգին վերաբերող բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես՝ ատենախոսության չափանիշները, մասնագիտական խորհուրդների ձևավորման ընթացակարգն ու կազմը, ատենախոսության պաշտպանության ընթացակարգն ու բողոքարկման կարգը, մասնագիտությունների թվանիշների վերանայման անհրաժեշտությունը, ակադեմիական բարեվարքությանը վերաբերող հարցեր և այլն։
Աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում նպատակահարմար գտավ առաջարկել.
- հանդիպում-քննարկումներ կազմակերպել զուգահեռ ընթացող ERASMUS plus այլ, մասնավորապես՝ MINERVA ծրագրի գործընկերների հետ, հաշվի առնելով ընդհանրությունները, ծրագրերի թիրախում գտնվող խնդիրները, կուտակած փորձը,
- որոշ խաչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպում կազմակերպել մյուս ենթախմբերի հետ /օրինակ՝ կազմակերպման, տնտեսության հետ կապի և այլն/
- պարբերական հանդիպում-քննարկումներ կազմակերպել ԿԳՄՍ նախարարության պատասխանատուների հետ, որոնց ներկա կգտնվեն ԲՈԿ-ի, ԳիտԿոմի ներկայացուցիչները,
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ Ծրագրում ընդգրկված են եվրոպական 4 և հայաստանյան 9 բուհ, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը և ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ մշակել և ներդնել դոկտորական կրթության բարեփոխումներ Հայաստանում։