ԳԿՄԿ-ում տեղի ունեցավ 2023 թվականի տարեկան հաշվետու ժողովը
Դեկտեմբերի 18, 2023Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տարեկան հաշվետու ժողովը, որի օրակարգում ԳԿՄԿ-ի 2023 թվականի աշխատանքների տարեկան ամփոփիչ հաշվետվության ներկայացումն էր:
Նիստին ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, գիտական խորհրդի և տնօրենության անդամներ, ԳԿՄԿ աշխատակիցներ:
Նիստի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարսգյանը՝ ներկայացնելով հաշվետու տարվա ընթացքում ԳԿՄԿ-ի գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց միջազգային առաջատար բուհերի հետ համագործակցության ընդլայնմանը, որն ակտիվ վերելք է գրանցել և´ գործընկեր կազմակերպությունների, և´ միջազգային շարժունության առումներով, ընդգծվեց նորարարական գիտահետազոտական աշխատանքների ակտիվ իրականացումը, նոր ամբիոնների հիմնադրումը, որոնք հաշվի են առնում արդի մարտահրավերներն ու աշխատաշուկայի ներկայիս պահանջները, կարևորվեց գիտական նոր լաբորատորիաների, ինչպես նաև մեդիալաբորատորիայի ստեղծումը, որն ապահովելու է ժամանակակից մեդիաբովանդակություն թիրախային խմբի համար: Առանձնահատուկ շեշտադրվեց նաև ԳԿՄԿ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում գիտական հոդվածների ներկայացումն ու մի շարք այլ կարևոր գործընթացներ, որոնք ներկայումս իրագործման փուլում են, և անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել դինամիկ զարգացումն ապահովելու համար:
Նիստին ներկա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը հավանություն տվեց իրականացրած ծրագրերին և հետաքրքրվեց նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի առաջիկա տարիներին նախատեսված անելիքներով, հատկապես՝ գիտական բաղադրիչի ավելացման, միջազգային համագործակցության ընդլայնման ու հետազոտական համալսարանի հեռանկարի առումներով:
Ծավալված ակտիվ հարցուպատասխանի ընթացքում Ա.Սարգսյանն ընդգծեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի առաջիկա տարիներին նախանշած գերակա ուղղություններն ու հեռանկարը հետազոտական, գիտական, կրթական, միջազգային համագործակցության և սոցիալական պատասխանատվության ուղղություններով: Մասնավորապես, կարևորվեց միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան գիտահենք կրթական ծրագրերի ու հետազոտությունների իրականացման, գիտության, կրթության և տնտեսության արդի պահանջներին համահունչ հետազոտող-մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կրթության միջազգայնացմանն ու մրցունակության ապահովմանն ուղղված արդեն իսկ մեկնարկած գործընթացները: Լավագույն բուհերի վարկանիշավորման աղյուսակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ներգրավվածության գործընթացն ապահովելու նպատակով ԳԿՄԿ-ում արդեն մեկնարկել է արտերկրի հայազգի դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացում: «ԳԿՄԿ-ի տեսլականն է դառնալ գիտական ստեղծարար միջավայր ապահովող և նորարություններով առաջնորդվող հետազոտական համալսարան՝ խթանելով հետազոտահեն կրթության, գիտության, արտադրության ներդաշնակ և արդյունավետ փոխգործակցությունը»,- նշեց Ա.Սարգսյանն իր խոսքում։
Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև ԳԿՄԿ-ում գործող գիտական խմբերի և լաբորատորիաների ֆիզիկայի և կենսաինֆորմատիկայի ոլորտներում իրականացրած հետազոտությունների արդյունքները, որոնք կարևոր խթան են հանդիսանում ոլորտի հետագա շարունակական զարգացման համար:
Նիստի վերջում գիտխորհրդի անդամները միաձայն հաստատեցին ԳԿՄԿ տարեկան ամփոփիչ հաշվետվությունը՝ հավանության արժանացնելով իրականացված արդյունավետ գործունեությունը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին