Գլխավոր էջ





ԳԿՄԿ ուսանողները մասնակցում են «AMADEE-24» առաջատար տիեզերական հետազոտական ծրագրին

Մարտի 27, 2024

Հայաստանում մեկնարկել է Ավստրիական տիեզերական ֆորումի «AMADEE-24» մարսյան սիմուլյացիոն առաքելությունը, որը հայկական կողմից կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի տիեզերական ֆորումի, Հայաստանի տիեզերական գործակալության և մի շարք այլ գործընկերների ջանքերով:

Արմաշ գյուղի տարածքն ընտրվել է որպես «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելության իրականացման վայր Կարմիր մոլորակի հետ երկրաբանական ու տեղագրական նմանությունների շնորհիվ։ Բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից և գիտնականներից բաղկացած անձնակազմը շուրջ մեկ ամիս «Մարսյան կայանում» գիտափորձեր կանցկացնի տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով՝ նախապատրաստվելով մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելություններին: Առաքելությանը մասնակցում են 30 երկրներից ընտրված շուրջ 300 գիտնական։

Ծրագրում ներգրավված են նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի՝ Ինժեներական քաղաքում տեղակայված «Ավիատիեզերական ճարտարագիտության» բազային ամբիոնի ուսանողները, ովքեր մասնակցում են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի անկախ գիտափորձին՝ լաբորատորիայի կողմից առաջադրված նորարարական լուծումով քամու տուրբինի արդյունավետությունը ուսումնասիրելու նպատակով։ Դա թույլ կտա պարզել, թե որքանով այն նպատակահարմար կլինի կիրառել Մարսի վրա քամուց էլեկտրաէներգիա ստանալու ոչ մեծ հզորության սպառիչներ, օրինակ, ինքնավար օդերևութաբանական կայաններ սնուցելու համար։ Սա հիանալի հնարավորություն է մեր ուսանողների համար իրենց մասնագիտական ուղին զարգացնելու տիեզերական արդյունաբերության ոլորտում։

Այս նախագծի շնորհիվ անալոգային առաքելությունների վերաբերյալ փորձն ու գիտելիքը հասանելի են դարձել նաև ԳԿՄԿ ապագա գիտնականների համար, և տասնյակ տարիներ հետո, երբ մարդն առաջին անգամ ոտք կդնի Մարսի վրա, նրանք կարող են հպարտանալ, որ այս պատմական ճանապարհի մի մաս են կազմել:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին