Գլխավոր էջ





AFISHE ծրագրի մեկնարկային հանդիպման փորձագիտական խմբի աշխատանքները շարունակվում են

Հունվարի 26, 2023

Ս.թ. հունվարի 26 -ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում առկա և հեռավար ձևաչափով շարունակվեցին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպման փորձագիտական խմբի աշխատանքերը:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը, հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության լաբորատորիայի վարիչ Բարդուխ Գաբրիելյանը, ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, այլ ներկայացուցիչներ ինչպես ՀՀ բուհերից, այնպես էլ եվրոպական գործընկեր համալսարաններից:

Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում էր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին բաժնի պետ, AFISHE ծրագրի ԳԿՄԿ համակարգող Արուսյակ Հարությունյանը:

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն իր խոսքում նշեց, որ AFISHE ծրագիրը միտված է ուժեղացնելու համալսարան-ձեռնարկություն համագործակցությունը, ինչը կհանգեցնի գիտահետազոտական և էկոլոգիայի վրա հիմնված գործողությունների իրականացմանը և կբարձրացնի ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսությունների գործառնական արդյունավետությունը։ Ս.Աղայանը մասնակիցներին ներկայացրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն 3 նոր և կատարելագործված մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում, կմշակվեն դասավանդման և ուսումնառության նյութեր, կարդիականացվեն ենթակառուցվածքները և կվերապատրաստվի դասախոսական ու ոչ-դասախոսական անձնակազմը, ինչպես նաև բուհերի և աշխատաշուկայի միջև կստեղծվի ցանց, որը կնպաստի Հայաստանում և Ուկրաինայում անհրաժեշտ մասնագետների կրթությանն ու վերապատրաստմանը:

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան կարևորեց նաև ծրագրի անդամ համալսարանների միջև համագործակցության կայուն ցանցի ստեղծման հնարավորությունը, որը ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության ոլորտում ամուր կապերի միջոցով համատեղ գործունեություն իրականացնելու և ընթացիկ էկոլոգիական խնդիրները լուծելու հիանալի հարթակ կդառնա։

Ուկրաինայի գործընկեր Սումիի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչ Յուլիա Գրոխովսկան, ով հեռավար էր միացել խմբի աշխատանքներին, ներկայացրեց ծրագրի մարդկային ռեսուրսների հզորացման և զարգացման բաղադրիչը, որի շրջանակներում կիրականացվեն երեք տեսակի վերապատրաստումներ՝ ներառյալ ԵՄ համալսարաններում նոր մոդուլների վերաբերյալ դասախոսական կազմի վերապատրաստումներ, ուսանողակենտրոն կրթության, ինտերակտիվ մեթոդների և փորձի վրա հիմնված կրթության ուղղությամբ դասախոսական անձնակազմի վերապատրաստումներ հայաստանյան և ուկրաինական համալսարաններում և ոչ դասախոսական անձնակազմի վերապատրաստումներ՝ նոր ստեղծված լաբորատորիաներում աշխատելու նպատակով:

AFISHE ծրագրի ԳԿՄԿ համակարգող Ա. Հարությունյանը ներկայացրեց ծրագրի ենթակառուցվածքների զարգացման բաղադրիչը՝ ուղղված հայաստանյան և ուկրաինական համալսարաններում լաբորատոր ենթակառուցվածքների զարգացմանը, սարքավորումների գնման, տեղադրման և օգտագործման ընթացակարգին ու ժամանակացույցին:

AFISHE ծրագրի ՀԱԱՀ համակարգող Գարեգին Համբարձումյանը նշեց, որ ծրագրի աշխատանքային փաթեթի համակարգողն է ՀԱԱՀ-ն, ով իրականացնում է ծրագրի համակարգման և կառավարման հետ կապված բոլոր գործողությունները: Կառավարման, համակարգման և վարչական միջոցներով կապահովվի ծրագրի գործողությունների իրականացումը յուրաքանչյուր երկրում՝ համաձայն ծրագրի համար նախատեսված պլանի և բյուջեի:

Օրվա երկրորդ կեսին նախատեսված էր մասնակիցների այցելություն և ճանաչողական այց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն՝ ծանոթանալու Կենտրոնի և նրա ենթակառուցվածների գործունեությանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին