ԳԿՄԿ-ում կներդրվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության մագիստրոսական նոր կրթական ծրագիր
Դեկտեմբերի 8, 2022Մեկնարկել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) ծրագիրը, որն իրականացվում է Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:
AFISHE ծրագիրը նպատակաուղղված է նվազեցնելու ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Հայաստանում և Ուկրաինայում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի ծրագրերի ստեղծման և զարգացման միջոցով, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ):
AFISHE ծրագիրը միտված է ուժեղացնելու համալսարան-ձեռնարկություն համագործակցությունը, ինչը կհանգեցնի գիտահետազոտական և էկոլոգիայի վրա հիմնված գործողությունների իրականացմանը և բարձրացնելու ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսությունների գործառնական արդյունավետությունը։
AFISHE ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև։ Այն կծառայի որպես հարթակ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար, ինչը կզարգացնի էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումներն ու գործունեությունը՝ ՄԱԿ-ի կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին համապատասխան։
ՀՀ ԳԱԱ կենդանաբանություն և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀԱԱՀ-ի հետ համատեղ կմշակվի և կներդվի մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ այսպիսով խթանելով հետազոտահեն կրթությունը ՀՀ-ում և պատրաստելով ակվակուլտուրաների ու ձկնային տնտեսության կառավարիչներ:
Ծրագրի շրջանակներում երկու համալսարաններում կստեղծվեն նաև գիտակրթական լաբորատորիաներ և հետազոտահեն կրթության իրականացման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:
AFISHE ծրագրի մասին Հայաստանի Հանրային ռադիոյի «Ծովահայեր»-ի տաղավարում ներկայացնում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:
Մանրամասն այս հղումով՝
https://hy.armradio.am/2022/12/04/ակվակուլտուրաների-կառավարում-նոր-մա/
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին