Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Սարգսյանի ողջույնի խոսքը՝ ուղղված «Ապագայի Հայաստան» գիտաժողով-դպրոցի մասնակիցներին

Դեկտեմբերի 11, 2020

Գիտաժողովի հարգելի՛ հյուրեր, սիրելի՛ մասնակիցներ, երիտասարդնե՛ր…

Սրտանց ողջունում և շնորակալական խոսքս եմ հղում Ձեզ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից կազմակերպած «Ապագայի Հայաստան» գիտաժողով-դպրոցին մասնակցելու համար:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը ստեղծվել է 1997 թ․-ին։ Ստեղծման պահից ի վեր Կենտրոնի գլխավոր առաքելություններից է մեր երկրում կրթության և գիտության ինտեգրումը, ակադեմիական համակարգի համալրումը երիտասարդ, բարձրորակ մասնագետներով։

Ունենալով սահմանափակ բնական ռեսուրսներ՝ մեր երկրի զարգացման գործում անկյունաքարային և որոշիչ նշանակություն ունի գիտության զարգացումը, և հուսով ենք, որ գիտության ոլորտում իրենց առաջին քայլերը կատարող երիտասարդ հետազոտողներն իրենց մտքերով, գաղափարներով, առաջարկներով կնպաստեն այս գիտաժողով-դպրոցի կայացմանը։ Այս համատեքստում շատ կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս համախմբել գիտությամբ հետաքրքրված երիտասարդ հետազոտողներին, ստեղծել միջավայր նրանց երկխոսության և նոր գաղափարների ստեղծման համար։

«Ապագայի Հայաստան» գիտաժողով-դպրոցը համախմբել է ոչ միայն սկսնակ հետազոտողներին, ասպիրանտներին, մագիստրանտներին, այլև գիտության բնագավառում ճանաչված և փորձառու մասնագետներին, որոնք գիտաժաղովի երկրորդ մասում հանդես կգան հրապարակային դասախոսություններով՝ փոխանցելով իրենց գիտելիքն ու հմտությունները մեր երիտասարդներին։

Կենտրոնը մշտապես աջակցել և շարունակելու է աջակցել բոլոր այն նախաձեռնությունների կայացմանը, որոնք նպատակ ունեն խթանելու գիտության հանդեպ հետաքրքրությունը, արժևորելու երիտասարդ գիտնականի, հետազոտողի աշխատանքն ու հեղինակությունը։

Մաղթում եմ գիտաժողով-դպրոցին բարեհաջող և արդյունավետ ընթացք։



Ա․ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար