Գլխավոր էջ





Այցելություն և բաց դասախոսություն «Մեր Տունը» կազմակերպությունում

Փետրվարի 15, 2016

Փետրվարի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, հոգեբանության ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանը, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը և մի խումբ կամավոր-ուսանողներ այցելեցին «Մեր Տունը» կազմակերպություն: Կազմակերպությունը ծնողազուրկ կամ ծնողական խնամքից զրկված օրիորդներին, որոնք մանկության տարիներին ապրել և մեծացել են հայկական մանկատներում կամ ունեցել են ոչ նպաստավոր կենսապայմաններ, ապահովում է ընտանեկան միջավայրով: Կազմակերպությունը, իր առաքելությանը համահունչ, հավուր պատշաճի ապահովում է երիտասարդների համակողմանի կրթադաստիարակչական գործընթացը. օգնում է կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, պատկերացում ունենալ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, ջանքեր գործադրում մտավոր զարգացած ու ֆիզիկապես առողջ, կայացած, ազատ, ինքնավստահ ու անկաշկանդ, հայեցի դաստիարակությամբ, հասարակայնորեն պիտանի քաղաքացիների ձևավորման համար:
«Մեր Տունը» ապահովում է իր սաների հոգևոր, մշակութային, երաժշտական, ֆիզիկական կրթությունը, կախված նախասիրություններից` նպաստում մասնագիտական կողմնորոշմանը, հնարավորություն ընձեռում նրանց ուսումը շարունակելու միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
«Աշխարհը մեր պատուհանից» վերտառությամբ բաց դասախոսությամբ հանդես եկավ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը: Նա միաժամանակ բարձր գնահատեց կազմակերպությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, միմյանց նկատմամբ կարեկցանքն ու պատրաստակամությունը, շնորհալի սաների կատարած ձեռագործ աշխատանքներն ու Տյառնընդառաջի տոնի խորհրդով կազմակերպած միջոցառումը: Շնորհակալական խոսքեր ուղղվեցին կազմակերպության նախագահ տիկին Տիգրանուհի Կարապետյանին և ողջ մանկավարժական անձնակազմին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրականացնելու այդ վեհ ու մարդասիրական աշխատանքը՝ հույս հայտնելով որ փոխհամագործակցության հուշագրի առկայության շրջանակներում «Մեր Տունը» - Գիտակրթական միջազգային կենտրոն կապերը առավել բարձր հիմքի վրա կդրվեն` հաշվի առնելով հոգեբան մագիստրոսների՝ այս կազմակերպությունում կամավորական աշխատանքներ իրականացնելու մեծ պատրաստակամությունը: