Գլխավոր էջ





26 Հնվ

Մամլո հաղորդագրություն

Հունվարի 26, 2026



Մեկնարկում է EU Bridge ծրագիրը՝ Հայաստանում եվրոպական նախագծերի կառավարման կարողությունները զարգացնելու նպատակով

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մեկնարկում է EU Bridge («ԵՄ - ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար», EU Bridge: Strengthening Higher Education for European Project Management in Armenia) միջազգային ծրագիրը, որը նպատակ ունի ուժեղացնել հայկական բուհերի կարողությունները եվրոպական ֆինանսավորմամբ ծրագրերի մշակման և կառավարման ոլորտում։ Ծրագիրը երաշխավորվել է Եվրամիության կողմից և համաֆինանսավորում է  ստացել ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում։

Նախագծի պաշտոնական բացման արարողությունը կկայանա 2026 թ. հունվարի 29–ին` ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (հասցե՝ Մ. Բաղրամյան 24, 2-րդ հարկի դահլիճ)։ Սիրով հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին հունվարի 29-ին մասնակցելու բացման արարողությանը:

Ծրագիրը համահունչ է Erasmus+ «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» (CBHE) ծրագրի առաջնահերթություններին և ուղղված է բուհերի դասախոսական կազմի, հետազոտողների, վարչական աշխատակիցների և ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում կմշակվի եվրոպական նախագծերի կառավարման մասնագիտացված ուսումնական ծրագիր, կստեղծվի Պիլոտային ակադեմիա, սոցիալական նորարարության լաբորատորիա և գործնական մոդելավորման վրա հիմնված ուսուցման միջավայր։

EU Bridge ծրագիրն իրականացվում է Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի գործընկեր կառույցների համագործակցությամբ՝ նպատակ ունենալով հայկական բուհերում ներդնել եվրոպական լավագույն փորձը և բարձրացնել Erasmus+ ծրագրերին մասնակցության արդյունավետությունը։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև բաց հասանելիությամբ թվային ուսումնական հարթակի ստեղծումը, որը կապահովի ուսուցման շարունակականությունը և ծրագրի արդյունքների երկարաժամկետ ազդեցությունը։

EU Bridge-ը կնպաստի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացմանը, ինստիտուցիոնալ զարգացմանը և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում մեր երկրի դերակատարության ամրապնդմանը։

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:

 

Ծրագրի համակարգող՝

Ատոմ Մխիթարյան

Հեռ.՝ +37491 200798

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև Ծրագրի համակարգողներից Նարինե Վարդանյանին (+37493 333777):

 

________

Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության  պաշտոնական դիրքորոշումը։ Եվրոպական միությունը, Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալությունը  պատասխանատվություն չեն կրում վերոնշյալի համար: