Գլխավոր էջ





23 Փտր

Հետազոտական դրամաշնորհ

Փետրվարի 23, 2017

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ-Հայաստան) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում հրավիրում է տեղական ինքնակառավարման հարցերով հետաքրքրված երիտասարդ հասարակագետ հետազոտողների մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրի:

Համատեղ
 հնգամյա ծրագրի նպատակը կառավարման ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում հանրային մասնակցության աստիճանի բարձրացումն է: Տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցությունը բազմակողմանիորեն բացահայտելու համար ՀՌԿԿ-Հայաստանը 2015թ. հուլիսին հանրապետության ողջ տարածքում անցկացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, իսկ  2016թ. տրամադրել փոքր դրամաշնորհներ այդ ուսումնասիրության և այլ տվյալների հիման վրա հետազոտական աշխատանքներ կատարելու համար: Հետազոտության գործիքները, տվյալադարանը և վերլուծական նյութերը զետեղված են ՀՌԿԿ-Հայաստանի կայքէջում:

Հետազոտության
 նպատակը

Դրամաշնորհի նպատակը հավաքագրված տվյալների միջոցով տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությանը նպաստելն է: Ընտրված դիմորդները հնարավորություն կստանան ուսումնասիրելու ՀՌԿԿ-Հայաստանի կողմից հավաքագրված տվյալադարանները, այլ նյութեր և ներկայացնելու իրենց հետազոտության արդյունքները շահագրգիռ կողմերին:

Ով
կարող է դիմել

Ծրագիրը բաց է «Հանրային կառավարում»,«Քաղաքագիտություն», «Տնտեսագիտություն», «Սոցիոլոգիա» և այլ հարակից մասնագիտությամբ ուսանողների, երիտասարդ դասախոսների, ՏԻՄ ոլորտի վերլուծաբանների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների համար: Առաջնությունը կտրվի տեղական ինքնակառավարման ոլորտում հետազոտական փորձ կամ հրապարակում ունեցողներին: Հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը, անգլերենի և  վիճակագրական վերլուծության ծրագրային փաթեթների (օրինակ՝ STATA, SPSS) իմացությունը խիստ ցանկալի է:

Հետազոտական
ծրագրերի տևողությունը, բյուջեն, ծրագրերի իրականացման աջակցությունը

Յուրաքանչյուր հետազոտական ծրագրի իրականացման տևողությունը կարող է լինել մինչև չորս ամիս և ընտրված հինգ դրամաշնորհառուներից յուրաքանչյուրին կտրամադրվի համախառն 100.000 ՀՀ դրամ՝ աշխատած յուրաքանչյուր ամսվա համար:

Մրցույթով ընտրվածները կարող են մասնակցել տվյալների վերլուծության դասընթացի, օգտվել ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմի խորհրդատվությունից, օգտագործել առկա հետազոտական ռեսուրսները և հավաքագրված տվյալները, ստանալ աջակցություն հետազոտության արդյունքները հանրայնացնելիս:

Ակնկալվող
արդյունքները

Ծրագրի ավարտին հետազոտողները պետք է ներկայացնեն վերլուծական նյութ (10 էջի սահմաններում)՝ որպես աղբյուր օգտագործելով ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում հավաքագրված տվյալները, այլ տվյալադարաններ, տարբեր հրապարակումներ, օրենսդրական ակտեր, ինչպես նաև Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող զանազան հետազոտական նյութեր: Հետազոտության արդյունքները և առաջարկությունները կներկայացվեն ՀՌԿԿ-Հայաստան գրասենյակում, ինչպես նաև շահագրգիռ կողմերին, օրինակ՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին և այլոց:

Դիմելու ձևը

Եթե հետաքրքրված եք դրամաշնորհային ծրագրով և համապատասխանում եք վերոնշյալ չափանիշներին, ապա խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական նախագիծը՝ մինչև 4 էջ, fellowship@crrc.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի թեմայի տողում նշելով «ՀաՄաՏեղ» փոքր դրամաշնորհ: Հետազոտական նախագծերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզվով և պետք է ներառեն հստա կձևակերպված հետազոտական խնդիրը և հարցերը, մեթոդաբանությունը, աղբյուրները, աշխատանքի պլանը և  ժամանակացույցը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Արմենուհի Վանոյանին fellowship@crrc.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև զանգահարելով՝ (+374-10) 57 48 68 (ներքին՝ 108) հեռախոսահամարով:

Ծրագրի
մասին

Համատեղ ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և ՀՌԿԿ-Հայաստանի հետ համատեղ, և ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից: