Ասատրյան Արմեն Լևոնի
Իրավագիտություն
(2008-2010)
-Որտե՞ղ եք աշխատում:
-ՀՀ փաստաբանական դպրոցում, զբաղեցնում եմ Դպրոցի տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։
-Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:
-Գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ որևէ արդյունք, այդ թվում աշխատանքային հաջողություն գրանցելու համար պետք է կարողանա իր առջև դնել հստակ նպատակներ, տարբերակել առաջնայինը երկրորդականից, ցուցաբերել աշխատասիրություն և առանց հուսահատվելու՝ քայլ առ քայլ շարժվել դեպի իր նպատակը։
Թվարկածս հատկանիշները թեև կարող են լինել տարբեր և անհատական, այնուամնեայնիվ նպատակասլացությունն է հիմքը, որը մարդուն ուղղորդում է դեպի իր պատկերացրած հաջողությունը։
-Ի՞նչ դեր է ունեցել գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում, և ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:
-Կարելի է ասել, որ հենց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ուսումնառությունը հող նախապատրաստեց և առաջացրեց այն հետաքրքրությունը, որը հետագայում ինձ մղեց դեպի գիտություն։ Կենտրոնում ուսանելով՝ ինձ հաջողվեց ընդլայնել մասնագիտական աշխարհայացքս, «դուրս գալ» զուտ դասագրքային, սահմանումների և բնորոշումների մակարդակի գիտելիքների շրջանակից (ինչը բնորոշ է բակալավրի կրթական ծրագիրն ավարտած ուսանողին) և ձեռք բերել վերլուծական, ինչ-որ տեղ նաև քննադատական մտածողություն։ Վելուծական մտածողության, քննարկելու ունակության և ստեղծագործ մտքի ձևավորումը պետք է լինի կարևոր ու առաջնային առավելապես իրավաբանի համար։
-Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեիք ուսանողական կյանքից:
-Չցանկանալով խոսքս կենտրոնացնել «դրվագի» վրա՝ միայն կարող եմ փաստել, որ ուսանողական տարիները լի են եղել ջերմությամբ, երիտասարդական խանդավառությամբ և ազնիվ ընկերական միջավայրի ընդլայնմամբ։
-Ձեր մաղթանքը գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:
-Ուսանողին ուղղված բարեմաղթանքս կշարադրեմ Չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսի մտքերից մեկի մեջբերմամբ. «Ինչով որ կզբաղվեք կյանքում, արեք դա ի սրտե»։