Գլխավոր էջ





Աշխատաժողով. Հետբուհական Կրթության Խթանման Գործիքներ


Ս.թ. հունիսի 16-17-ը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Հետբուհական կրթության խթանում. ինչ՞ու և ինչպ՞ես» թեմայով աշխատաժողով, ԵՄ TEMPUS-ի “VERITAS” «Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Մարինե Բալասանյանը, ԵՊԲՀ-ի ներկայացուցիչը և ծրագրի համակարգողը, իր ելույթով ողջունեց հյուրերին և հարթակը տրամադրեց աշխատաժողովի այլ մասնակիցներին: 
Երկօրյա աշխատաժողովի ժամանակ իրենց զեկույցներով հանդես եկան հայաստանյան գործընկեր հաստատությունների և համալսարանների ներկայացուցիչները ՝ ՈԱԱԿ, ԲՈՀ, ՀՀ ԿԳՆ, ԵՊԲՀ, ՀՀ ԳԱԱ, ԵԳՊԱ, ԵՊՀ, ԵՊԼՀ, ԵՃՇՊՀ, ՀՊՏՀ, ԳՊՀ, ՎՊՄԻ, ՊԿԱ, ինչպես նաև ԵՄ առաջատար գործընկերներ համալսարանների ներկայացուցիչները՝ WUS (Ավստրիա) – Համաշխարհային համալսարանական ծառայություն - ավստրիական կոմիտեի, KTH - Շվեդիայի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ, UHMF - Գերմանիայի Հեյդելբերգի համալսարան, BSU - Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա համալսարան և UDG- Իսպանիայի Ջիրոնայի համալսարան:
Աշխատաժողովի քննարկվող թեմաներն էին՝ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում տեղի ունեցող փոփոխությունները և վերջինիս վերաբերող առաջարկությունները, հետբուհական կրթության խթանման ճանապարհները, գործիքները, կրթության երրորդ աստիճանի միջազգայնացման փորձը, միջհամալսարանական համագործակցության փորձը և ներկա աշխատաշուկայի հետ կապը: 
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան աշխատաժողովին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ՝ Արուսյակ Հարությունյանը: Իր զեկույցում Ա. Հարությունյանը խոսեց ՀՀ ԳԱԱ դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնք խթանում են կրթության միջազգայնացման հնարավորությունները, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԳԱԱ - մասնավոր սեկտոր համագործակցության մասին:
Աշխատաժողովի ավարտին ծրագրի ղեկավար Սուսաննա Կարախանյանը ներկայացրեց մասնակիցներին ծրագրի կառավարման առկա խնդիրները և հետագա գործողությունների պլանը: 
Տեղի ունեցավ նաև TEMPUS-ի “VERITAS” նախագծի կայքի (www.tempusveritas.am) և նոր ամսագրի շնորհանդեսը, որը լույս կընծայվի 6-ամսյա պարբերականությամբ: