Աշխատաժողով՝ նվիրված հեռավար կրթությանը
Հունիսի 23, 2017Ս/թ հունիսի 22-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի ունեցավ «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի աշխատաժողովը: Աշխաժողովի մասնակիցներն էին Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի «Գործարար վարչարարություն» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի պրոֆեսորադասախոսական կազմը ՀՀ պետական կառավարման ակադեմիայից և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից, ծրագրի աշխատակազմը և անհատ խորհրդատուներ: Սկզբում մասնակիցները քննարկեցին ծրագրի ընթացիկ հարցերը, այնուհետև դասախոսները բարձրաձայնեցին հեռավար դասընթացների ընթացքում առաջացած խնդիրները, իրենց հուզող հարցերը, մասնավորապես նրանց հետաքրքրում էր հեռավար կրթության գնահատման համակարգը, վերջում լսեցին բանախոսներներին՝ ըստ օրակարգի:
Արուսյակ Հարությունյանի զեկույցը նվիրված էր հեռավար կրթության ոլորտում միջազգային փորձին և հեռավար դասընթացներին ներկայացվող որակի ապահովման պահանջներին: Հաջորդ ելույթը վերաբերում էր բաց մատչելիության առցանց ռեսուրսներին և հեռավար դասընթացների ժամանակ առաջացող հեղինակային իրավունքի հետ կապված հարցերին (զեկուցող՝ ՀԱՀ վերապատրաստող Տաթևիկ Զարգարյան): Իսկ ԻԱՊԻ ներկայացուցիչ Նարինե Մանուկյանը ներկայացրեց հայկական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցը՝ ASNET-AM-ը, և այդ ցանցի շրջանակներում հեռավար դասընթացներ վարող դասախոսներին ընձեռվող հնարավորությունները, մասնավորապես WebRTC վեբ կոնֆերանս, ASNET-AM ցանցի գիտական հրապարակումների համակարգերը և ամպային պահոցները: