Դոկտորական կրթության բարեփոխումներին ուղղված աշխատանքները շարունակվում են
Հոկտեմբերի 14, 2021Սույն թվականի հոկտեմբերի 14-ին Ծաղկաձորում իր աշխատանքները սկսեց «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (www.armdoct.com) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի հերթական եռօրյա աշխատաժողովը: Աշխատաժողովի պաշտոնական բացումն արեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհսննիսյանը: Նա կարևորեց կրթության ոլորտի զարգացումներին համահունչ կրթության երրորդ մակարդակի բարեփոխումների իրականացումը սույն ծրագրի շրջանակներում: Ապա ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը և Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան: Բարձրագույն կրթության բարեփոխումների և ARMDOCT ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը:
Աշխատաժողովը տևելու է 3 օր՝ հոկտեմբերի 14-16-ը, նախատեսվում են ինչպես զեկուցումներ, այնպես էլ պանելային քննարկումներ և խմբային աշխատանքներ: Մասնակիցների թիվը բոլոր գործընկեր կառույցներից անցնում է 50-ից: Ծրագիրը հայերեն և անգլերեն լեզուներով կարելի է գտնել այստեղ:
Հիշեցնենք, որ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական /բարձրագույն կրթության երրորդ մակարդակ/ կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։
Ծրագիրն իրականացվում է 15 գործընկեր կառույցների համատեղ ուժերով, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ, ԵՊՀ, Եվրասիա միջազգային համալսարան, ինչպես նաև 4 գործընկեր համալսարան Եվրամիության երկրներից:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից աշխատաժողովին մասնակցում են Արմդոկտ ծրագրի ԳԿՄԿ համակարգող, ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, ԳԿՄԿ հետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը, կրթության որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանը, տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը: