Գլխավոր էջ





Կենտրոնի վարչակազմը Տուշայի համալսարանում մասնակցում է աշխատակազմի վերապատրաստման միջազգային շաբաթին

Մայիսի 25, 2022

Ս.թ. մայիսի 23-ից 27-ը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակազմը՝ ի դեմս տնօրեն Արմեն Սարգսյանի, ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանի, գիտական քարտուղար Մերի Սարգսյանի, արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանի, արտաքին կապերի բաժնի առաջավոր մասնագետ Անժելա Պապիկյանի և իրավագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Սեդրակյանի, Իտալիայի Տուշայի համալսարանում մասնակցում են «Աշխատակազմի վերապատրաստման միջազգային շաբաթ»- ին:

Առաջին օրն առավել ճանաչողական բնույթ էր կրում, ողջույնի խոսքով հյուրերին դիմավորեց Տուշայի համալսարանի ռեկտոր Ստեֆանո Ուբերտինին, ով կարևորեց փոխգործակցության նման հնարավորությունը: Իտալացի գործընկերները ներկայացրին Տուշայի համալսարանի կրթական և գիտական գործունեությունը, կազմակերպեցին մի շարք վարժանքներ և խաղեր՝ նպատակ ունենալով մասնակիցներին հնարավորություն տալ ճանաչելու միմյանց և շարունակելու հաղորդակցումը ոչ ֆորմալ և անկաշկանդ միջավայրում:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակազմը համալսարանական հագեցած օրն ամփոփեց Տուշայի համալսարանում սովորող ԳԿՄԿ ուսանողների հետ հանդիպումով:

Հիշեցնենք, որ Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում այս կիսամյակում ԳԿՄԿ հինգ ուսանող, ովքեր սովորում են «Գործարար վարչարարություն» և «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտություններով, ուսանում են Տուշայի համալսարանի համապատասխան դեպարտամենտներում:

Ուսանողները մեծ ոգևորությամբ դիմավորեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարչակազմին, կիսվեցին իրենց տպավորություններով, ուսումնառության փորձառությամբ, արտերկրում ուսումնառության դժվարությունները հաղթահարելու իրենց փորձով և հատուկ երախտագիտությամբ ընդգծեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարչակազմի և, հատկապես, արտաքին կապերի բաժնի աջակցութան ու ամենօրյա հեռավար խորհրդատվության պատրաստակամության մասին: Քննարկվեցին Տուշայի համալսարանում ուսանելու ուժեղ ու թույլ կողմերը, բազմամշակույթ միջավայրում հանդիպող մարտահրավերներին դիմակայելու ուղիները:

Տուշայի համալսարանում սովորող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողներն այժմ ավարտել են ուսումնառությունը և պատրաստվում են քննաշրջանին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ վարչակազմի անդամները հաջողություն մաղթեցին ուսանողներին քննություններին ընդառաջ: Տնօրեն Արմեն Սարգսյանը նշեց, որ Կենտրոնը պատրաստակամ է աջակցելու ուսանողներին ցանկացած խնդրի դեպքում և հորդորեց, որպեսզի պատվով ու մեծ պատասխանատվությամբ կատարեն ուսանողի իրենց առաքելությունը, բարձր պահեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեղինակությունը և հաջողություններ գրանցած վերադառնան հայրենիք:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին