Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարան. Էրազմուս+ հաջողված պատմություն
Մարտի 22, 2017Էրասմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում մեկ կիսամյակ ուսանած ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ առաջին կուրսի ուսանողներ Արթուր Մքոյանը, Հակոբ Հակոբյանը, Հովհաննես Վրթանեսյանը և Վարդան Բաղդասարյանը, երկրորդ կուրսի ուսանողներ Անուշ Հակոբյանը, Դավիթ Եդիգարյանը, Էլիզա Գյուլգյուլյանը և Նունե Ղազարյանն արդեն վերադարձել են Հայաստան և պատմել են իրենց տպավորությունների մասին։
Բոլոր մասնակիցները միաձայն նշում են ֆրանսիական կրթական մոդելի առավելություններից մեկը՝ գործնական դասերի և առաջադրանքների համատեղումը տեսական դասախոսությունների հետ, յուրաքանչյուր առարկայի դասախոսությունների շարքի ավարտից հետո թիմային և խմբային նախագծերի իրականացումը։ Ամբողջ ուսումնառության ընթացքում շեշտադրումը դրվել է առավելապես ինքնակրթության, ինքնազարգացման և գործնական հմտությունների ձեռք բերման վրա։
Առաջին կուրսի ուսանող Հակոբ Հակոբյանը կարևորեց նաև հարակից այնպիսի առարկաների դասավանդումը, ինչպիսիք են բիզնեսի կառավարումը, բիզնեսի պլանավորումը, աշխատանքային հարցազրույցներին նախապատրաստվելը և ինքնակենսագրություն գրելու հմտությունները։
«Ֆրանսիացի դասախոսներն ասում էին, որ իրենք չեն գնահատում մեր գիտելիքները, այլ գնահատում են մեր՝ սահմանված ժամանակահատվածում նախագծեր իրականացնելու կարողությունները: Իսկ դա այն է, ինչ մեզանից պահանջում են իրական կյանքում»,- նշում են ուսանողները։
Մասնակիցները վերադարձել են մի շարք նոր գաղափարներով և մտահղացումներով, որոնք կփորձեն կյանքի կոչել ուսումնառության ընթացքում։