Տուրիզմի միջազգային օրը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում
Սեպտեմբերի 28, 2016ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» մասնագիտության մագիստրանտները ս/թ սեպտեմբեր 27-ին նշեցին Տուրիզմի միջազգային օրը: Այդ տոնը 1979 թ. ընդունվել է Տուրիզմի միջազգային կազմակերպության կողմից և առ այսօր նշվում է ամբողջ աշխարհում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի դասախոս դոցենտ Զ. Հայրյանը, որը շնորհավորեց մագիստրանտներին և հյուրերին Տուրիզմի միջազգային օրվա առթիվ՝ նշելով տուրիզմի զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության համար, որտեղ ստեղծվել և դինամիկ զարգացում է ապրում տուրիստական ենթակառուցվածքը:
Իր ելույթում Զ. Հայրյանը նշեց նաև, որ Հայաստանը, սկսած 1997 թվականից, անդամակցում է Տուրիզմի համաշխարհային կազմակերպությանը, որը մեր երկրում ակտիվորեն մասնակցում է միջազգային և ներքին տուրիզմի զարգացմանը:
Միջոցառման մասնակիցների և հյուրերի թվում էին Հայաստանում Ռուսաստանի գիտության և կուլտուրայի կենտրոնի «Կուլտուրայի և հասարակական ծրագրերի» բաժնի պետ Ի. Ֆ. Կասատցկայան և տուրիզմի փորձագետ Մ. Սահակյանը, որոնք ողջունեցին և շնորհավորեցին ներկաներին Տուրիզմի օրվա կապակցությամբ:
Միջոցառման սկզբում 2-րդ կուրսի մագիստրանտները (Լ. Շահնազարյան, Ռ. Մայիլյան, Ա. Հովհաննիսյան, Ա. Արզումանյան), ներկայացրին զեկույց-հաշվետվություն՝ Ռուսաստանի Դաշնության տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում անցկացրած ուսումնական պրակտիկայի մասին (06.06.2016-12.06.2016), որի ընթացքում տարբեր տուրգործակալական հետազոտոտական աշխատանքներ կատարվեցին:
Միջոցառման վերջում ելույթ ունեցավ տուրիզմի փորձագետ Մ. Սահակյանը, որը ներկայացրեց «Էքսկուրսիաները՝ երեկ, այսօր և վաղը» թեման՝ առանձնացնելով հանրապետության հիմնական տուրիստական ռեսուրսները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրապետության հյուրերի շրջանում: