Գլխավոր էջ





ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի հեռավար հանդիպումը ամբիոնների վարիչների հետ

Փետրվարի 8, 2022

Ս/թ փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց առցանց ձևաչափով հերթական հանդիպումը  ամբիոնների վարիչների հետ:

Հանդիպման առաջին հատվածում ամբիոնների վարիչները ներկայացրին նախորդ կիսամյակում արված աշխատանքները, ուսանողների առաջադիմության և թեզերի նախապաշտպանության արդյունքները: Ընդգծվեց, որ ուսանող-գործատու սերտ համագործակցություն արդյունքում մի շարք ուսանողներ արդեն ընդունվել են աշխատանքի՝ իրենց մասնագիտությամբ:

Ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վ․ Սահակյանը տեղեկացրեց լրացուցիչ մի քանի դասընթացների կազմակերպման մասին՝ նախատեսված այլ ոլորտներից «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտական կրթական ծրագրով դիմած ուսանողների համար՝ նպաստելու ուսանողների արագ ինտեգրմանն ընտրած մասնագիտության մեջ։ Վ. Սահակյանը հավելեց նաև, որ համատեղ մագիստրոսական ծրագիր է մշակվում «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնի հետ։

Գիտահետազոտական պրակտիկայի ընթացքում հաջողություններ է արձանագրել նաև «Հոգեբանություն» ամբիոնը. վերջինիս ներկայացրած գիտական նորույթը հետաքրքրել է հոգեբանական կենտրոններին, որտեղ աշխատանք են առաջարկել ամբիոնի ուսանողներին։

Հանդիպման երկրորդ մասում ԳԿՄԿ դեկան Ա. Մխիթարյանը ներկայացրեց ուսանողական ինքնակառավարման մարմինների և տարբեր կուրսերի ավագների հետ պարբերաբար անցկացրած հանդիպումների արդյունքները:

Հանդիպումն ամփոփվեց մասնակիցների պատրաստակամությամբ մշտապես աջակցելու ուսանողների նախաձեռնություններին՝ նպաստելով գիտության ոլորտում ուսանողների ակտիվ մասնակցությանն ու նրանց ներուժի ներդրմանը:

Հանրային կապերի և կարիերայի բաժին