ԳԿՄԿ-ն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունը
Դեկտեմբերի 23, 2021ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության իր շրջանակը: Ս.թ. դեկտեմբերի 17-ին ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական առցանց հանդիպում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի ներկայացուցչի հետ: Հանդիպմանը ներկա էին ԳԿՄԿ Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունը, Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Էլլա Պապիկյանը, «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը և Հայաստանի Սլավոնական համալսարանի ներկայացուցիչը: Առցանց հանդիպման նպատակն էր ձևավորել համագործակցություն երկու բուհերի միջև: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության եզրերը, կրթական ծրագրերի, դասընթացների համատեղ իրականացումը: Կողմերը ներկայացրին նաև իրենց բուհերի կողմից կրթության և գիտության ոլորտում իրականացվող գործունեությունը, ներկայացրին այն ծրագրերը, որոնց շրջանակներում բուհերը մոտ ապագայում կարող են արդյունավետ համագործակցել: Երկու կրթական հաստատությունների ներկայացուցիչներն ընդգծեցին համագործակցության կարևորությունը և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել տնտեսագիտական և կառավարման ոլորտում և դիմել միջազգային կրեդիտային շարժունության ծրագրին՝ ֆինանսավորում ստանալու համար:
ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին