ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար հարթակում շարունակում է բարձր մակարդակի վրա պահել կրթությունը
Մարտի 17, 2020Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում և աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում շատ արդիական և առաջնահերթ է հեռավար ուսուցումը, որը հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան կրթություն կամ մասնակցել դասընթացներին առցանց՝ ցանկացած վայրից և ցանկացած ժամերի՝ միաժամանակ մեկուսանալով և խուսափելով մարդկային շփումներից:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, դեռևս 2013 թվականից ներդնելով տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ և լինելով առաջիններից մեկը հեռավար կրթության կազմակերպման գործում, ելնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակից, հեռավար հարթակում ակտիվ կերպով շարունակում է ուսումնական գործընթացը:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին պատրաստ է իրականացնել հեռավար ուսուցում.
- Կենտրոնում ներդրված է տեխնիկապես ապահովված հեռավար ուսուցման հարթակ,
- Առցանց գիտաժողովի դահլիճը վերազինված է Polycom HDX համակարգով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հեռավար դասախոսություններ, գիտական կոնֆերանսներ և այլ միջոցառումներ,
- Առցանց դասախոսությունները կազմակերպվում են տեսակոնֆերանսների համար նախատեսված հատուկ ծրագրով, որը ինտեգրված է հեռավար հարթակում,
- ԳԿՄԿ մասնագետները վերապատրաստվել են արտասահմանյան գործընկեր հեղինակավոր բուհերում,
- կազմվել է ուսանողակենտրոն ուսումնական ծրագրերի ցանկ,
- ձեռք է բերվել համապատասխան նորագույն մասնագիտական գրականություն,
- ընտրված ծրագրերը և հարակից նյութերը տեղադրվել են ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում,
- հայերեն է թարգմանվել «ՄՈՒԴԼ» հեռավար ուսուցման հարթակը,
- պատրաստվել են դասախոսների և ուսանողների հայալեզու ուղեցույցներ:
Թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները մեծ եռանդ և պատրաստակամություն են ցուցաբերում: Նրանք կարող են տեխնիկական առցանց աջակցություն ստանալ անմիջապես հեռավար հարթակում: Դասախոսներն ու հարթակի համակարգողները ջանք և եռանդ չեն խնայում կրթության որակը բարձ մակարդակի վրա պահելու և զգալի արդյունքի հասնելու համար: