Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հստակեցնում է որակի ապահովման ներքին համակարգը

Նոյեմբերի 23, 2017

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման ներբուհական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Կրթության որակի ապահովման բաժնի կողմից մշակվել է որակի ապահովման ցանցային համակարգ: Համակարգի նախագիծը քննարկման դրվեց սույն թվականի նոյեմբեր ամսին: Քննարկմանը մասնակցում էին որակի ներբուհական ցանցային համակարգի՝ ամբիոնային պատասխանատուները, իրավախորհրդատուն, ԳԿՄԿ ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ուսանողնության ներկայացուցիչները: Քննարկման նյութը՝ որակի ապահովման ներբուհական համակարգի հստակեցումն էր, որակի ապահովման պատասխանատուների գործառույթների քննարկումը և որակի ապահովման ցանցում ներգրավված աշխատակիցների հնարավոր վերապատրաստման թեմատիկայի և ժամանակացույցի հստակեցումը: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի պետ, բ.գ.թ. Նարինե Վարդանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կրթության որակի ապահովման բաժնի կողմից մշակված մի քանի փաստաթղթեր, մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ապահովման նոր կառուցվածքը և կառուցվածքային միավորների՝ ամբիոնների որակի ապահովման պատասխանատուների գործառույթները: Արվեցին առաջարկներ, որոնք ներառելուց հետո ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ որակի ներքին ապահովման համակարգի գործունեության ընթացակարգը կտեղադրվի կայքում: Բացի այդ, քննարկվեցին Որակի ապահովման ցանցային համակարգի անդամների՝ ամբիոնային պատասխանատուների վերապատրաստման հնարավորությունները: Համաձայն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բարելավման պլանի՝ նախատեսվում է ներակադեմիական ցանցի պատասխանատուների վերապատրաստում: Վերապատրաստումներ անցկացնելու համար հրավիրվել է ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոնի Շահակիցների հետ կապերի պատասխանատու, պատմ. գիտ. թեկնածու Լիլիթ Զաքարյանը: Վերջինս ներկայացրեց վերապատրաստման հնարավոր թեմաների շրջանակը և ուղղությունները, եղան առաջարկներ և հստակեցվեց վերապատրաստումների թեմատիկ պլանը, նախատեսվեց 32 լսարանային ժամ աշխատածավալով վերապատրաստումների կուրս, որը կիրականացվի 2017 թ. ընթացքում: