Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի կողմից կազմակերպված անգլերենի վերապատրաստման դասընթացն ավարտված է

Սեպտեմբերի 5, 2018

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի բարելավման պլանի շրջանակներում ս.թ. հունվար և փետրվար ամիսներին ՀՀ ԳԱԱ օտար լեզուների ամբիոնն անցկացրեց պրոֆեսորադասախոսական կազմի օտար լեզվի /անգլերեն/ թեստավորում: Արդյունքների հիման վրա ձևավորվեցին 4 տարբեր լեզվական մակարդակ ունեցող խմբեր: Վերապատրաստումն անցկացրեցին ամբիոնի փորձառու և վերապատրաստված դասախոսներ. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ՝ Գ.Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, անգլերենի դասախոս՝ Ար.Հարությունյանը, ամբիոնի դասախոսներ՝ մ.գ.թ. Լ.Հարությունովան և Ա.Հարությունյանը: Դասընթացը նպատակաուղղված էր վերապատրաստվող ՊԴ կազմին ապահովել հաղորդակցման համար անհրաժեշտ գործիքակազմով՝ առաջարկելով նրանց դասավանդման արդիական ձևեր, հետաքրքիր դասընթացներ և անհատական ուսուցումը խթանող միջոցներ: Յուրաքանչյուր դասին ընդգրկվել են խոսքային գործունեության բոլոր 4 հմտությունները` լսել/ունկնդրել, խոսել, կարդալ/ընթերցել, գրել: Բացի այդ, վերապատրաստվողները զինվել են և՛ քերականական գիտելիքներով, և՛ տարբեր հմտություններով, քանզի միայն խորը գիտելիքներն ու լավ պատրաստվածությունը կարող են լինել հաջողության գրավական: Լեզվի դասավանդման մեջ ողջունելի է ստեղծարարությունը: Փորձը ցույց է տալիս, որ մտքի ազատությունը ավելի արդյունավետ է դարձնում դասավանդման պրոցեսը: Որևէ թեմա ավարտելուց հետո նյութն ամրապնդվել է համապատասխան թեստերի միջոցով: Հաճախ հանձնարարվել են էսսեներ, համատեղ խմբային աշխատանքներ: Կազմակերպվել են ֆիլմերի դիտումներ, որին հետևել են ակտիվ քննարկումներ օտար լեզվով: Ս.թ. հունիս ամսին ավարտվեցին տարրական, միջինից ցածր և միջին մակարդակի խմբերի վերապատրաստման դասընթացները, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տարբեր ամբիոնների դասախոսներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով /2 կրեդիտ/: