Ավարտվեցին իրավաբանական 3-րդ դպրոցի դասընթացները
Հոկտեմբերի 7, 2021ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ավարտվեցին «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագիրը կրող իրավաբանական 3-րդ դպրոցի աշխատանքները:
Հետաքրքիր և բովանդակալից ասախոսությամբ հանդես եկավ նաև ԳԿՄԿ «Իրավագիտության» ամբիոնի վարիչ, Փաստաբանների պալատի նախագահ Ս. Բաբայանը։ Դասախոսությունը նվիրված էր պայմանագրային իրավունքին և նրան առնչվող ամենատարբեր հարցերի:
Դասախոսության ընթացքում ներկայացվեցին նաև փաստաբանների գործունեության ուղղությունները, արդարադատության իրականացման գործում փաստաբանների դերի անհրաժեշտությունը, Փաստաբանների դպրոց ընդունվելու, ուսաումնառության և գործունեության պայմանները:
Ամփոփիչ դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր: Ս․ Բաբայանը ողջունեց մասնակիցներին՝ Իրավաբանական 3-րդ դպրոցին ակտիվ մասնակցելու, իրավագիտության ոլորտում գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և ինքնակրթությունը մշտապես կարևորելու համար։ Նա հույս հայտնեց, որ մասնակիցները իրավաբանական գործունեության ընթացքում կկիրառեն ստացած մասնագիտական գիտելիքները:
ԳԿՄԿ հանրային կապերի բաժնի մասնագետ Մ. Փարսադանյանը շնորհավորեց բոլոր ունկնդիրներին՝ համոզված լինելով, որ ստացած գիտելիքները կօգնեն յուրաքանչյուրին կյանքի տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ Իրավաբանական 3-րդ դպրոցը մեկնարկել էր ս/թ սեպտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնի, հանրային կապերի և կարիերայի բաժնի, ինչպես նաև ՈւԽ նախաձեռնությամբ։ Դասընթացներն անցկացվում էին անվճար հիմունքներով:
Դասընթացներն ունեին հետևյալ ուղղվածությունները՝
- Մարդու իրավունքներ
- Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկա
- Ժառանգական իրավունք
- Բանկային իրավունք
- Անձանց քրեաիրավական պաշտպանություն և քրեական գործեր
- Մտավոր սեփականություն
- Իրավաբանական հմտություններ (իրավաբանական տեխնիկա և իրավաբանական գրագրություն)
- Պայմանագրային իրավունք
- Միջազգային իրավունք
Դպրոցի շրջանակներում դասախոսություններով հանդես եկան ՝
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ՝ Տարոն Սիմոնյանը, ԳԿՄԿ իրավագիտության ամբիոնի վարիչ, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ԳԿՄԿ իրավախորհրդատու, դասախոս Լ. Խառատյանը, ԳԿՄԿ շրջանավարտներ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Սարոյանը, Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի հայցորդ և դասախոս Անուշավան Մուշեղյանը, ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ Անուշ Գասպարյանը, իրավաբան Միհրան Գալստյանը, փաստաբան Մարինե Ֆարմանյանը, ԳԿՄԿ մագիստրանտ, փաստաբան Արթուր Դավթյանը:
ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին