Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ
Փետրվարի 11, 2020Փետրվարի 10-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենիքի հասարակական կյանքում և հայրենի սահմանների պաշտպանության գործում զգալի ներդրում ունեցող հարյուր քսան երիտասարդների։ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի աշխատակիցներն ու կենտրոնի 15 լավագույն մագիստրանտները նույնպես մասնակցեցին այս անչափ տպավորիչ հանդիպմանը:
Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքը բացեց Սուրբ Սարգսի տոնի առիթով շնորհավորական ուղերձով և մաղթանքով: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման երիտասարդների դերակատարությունը մեծ է հայրենիքի շենացման ու հզորացման, հայ եկեղեցու պայծառացման և հայ ժողովրդի արժանավայել կյանքի կերտման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց եկեղեցու դերը ազգի զարգացման և պահպանման գործում՝ հորդորելով երիտասարդներին մասնակցել հայ եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությանը, ներդրում ունենալ եկեղեցու առաքելության արդյունավորման գործում և մշտապես քայլել դեպի Աստված տանող ճանապարհով, քանի որ այդ ընթացքը հոգևոր մխիթարություն է պարգևում, օգնում բացահայտել սեփական ինքնությունը, հաղորդակից դառնալ հոգևոր արժեքներին և հարուստ ժառանգությանը:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին՝ երիտասարդ-հոգևորական կապի ամրապնդման, եկեղեցական կյանքի և երիտասարդական միությունների, Սփյուռքում հայապահպանության խնդիրների, հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պատմական սրբավայրերի պահպանության և հոգևոր կյանքին ուղղված զանազան մարտահրավերների վերաբերյալ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին ապրել ու արարել սիրով և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն անձամբ օրհնեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ՈՒԳԸ նախագահին, որի պսակադրության արարողությունը տեղի էր ունենալու նույն օրը: