Գլխավոր էջ





Ուսումնական նոր կիսամյակ սկսելու լավագույն տարբերակը

Փետրվարի 13, 2020

Ծաղկաձորում ավարտվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և զբաղվածության բաժնի և ուսանողական միության կազմակերպած «Հաղորդակցումը հնարավորությունների աշխարհում» ձմեռային դպրոցը: Ամեն տարի կազմակերպվող ձմեռային հանգիստը հետաքրքիր միջոց է փորձի, մտքերի ու գաղափարների փոխանակման, ինչպես նաև նոր ծանոթությունների հասատման համար. այն նաև կրթական գործունեության բաղադրիչ է: Հանգստի այս ձևը ձմեռային արձակուրդն ավարտելու ամենաուսանողական տարբերակն է. այն նույն ուսումնական հաստատությունում սովորող անձանց բացահայտելու հրաշալի հնարավորություն է:

Հանգստի 3 օրերի ընթացքում մասնակիցներն այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան, հանդիպում ունենցան հոգեբանական գիտությունների թեկնածու, թրեյնինգավար Սեդա Վարդանյանի հետ, որը բացահայտեց միջանձնային հաղորդակցման ներքին վախերը և նրանց հաղթահարման ուղիները: Սովորեցրեց ակտիվ և պասիվ լսելու հմտությունները, արդյունավետ հաղորդակցման և նոր հնարավորություններ ստեղծելու գաղտնիքները: Դպրոցի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու նաև բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի վարիչ Մերի Սարգսյանին, որը մանրամասն ներկայացրեց հռետորական և հանրային խոսքի առանձնահատկությունները, հաջողված կերպար ստեղծելու հմտությունները, գրավիչ և տպավորիչ հանրային ելույթ ունենալու գործիքները:

Ձմեռային դպրոցի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին «Ձմեռային դպրոցի» մասնակցության հավաստագրեր: Նրանք Ծաղկաձորից հեռացան դրական հույզերով և տպավորություններով՝ խոստանալով նոր կիսամյակը սկսել նոր ուժերով և թարմ լիցքերով: