Գլխավոր էջ





Իտալիայի Տուշայի համալսարանի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ համատեղ աշխատանքների ամփոփում

Մայիսի 28, 2019

Ս. թ. մայիսի 24-ին Իտալիայի Տուշայի համալսարանի մոլեկուլային սնուցման լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Նիկոլո Մերենդինոն կազմակերպել էր աշխատանքային հանդիպում, որի նպատակն էր քննարկել ինչպես Էրասմուս+ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքները, այնպես էլ համագործակցության նոր ոլորտներ նախանշել:

Ներկայումս ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի երկու մագիստրանտներ Սեդա և Ստելլա Ստեփանյանները, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի ասպիրանտ Քրիստինա Յարմալոյանն իրենց հետազոտական աշխատանքների մի մասն իրականցնում են պրոֆեսոր Մերենդինոյի ղեկավարած լաբորատորիայում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հոդվածների պատրաստման աշխատանքում ներգրավել նաև մեր մագիստրանտներին և ասպիրանտներին, ինչը կնպաստի երիտասարդ կադրերի մասնագիտական որակի բարձրացմանը:

Տուշայի համալսարանի սննդագիտության լաբորատորիան արդեն մի քանի տարի է, ինչ հայկական մթերքների հակաօքսիդանտային հատկանիշների ուսումնասիրման լաբորատոր անալիզների մասով օժանդակում է ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնին:

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: Իր խոսքում նա փաստեց, որ համագործակցության շրջանակում իրականացվել են շատ կարևոր հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքում բարձր ազդեցության գործակցով ամսագրերում չորս համատեղ աշխատանք է տպագրվել: