Գլխավոր էջ





Ամրապնդում ենք կապերը ռուսական բուհերի հետ

Մայիսի 15, 2018

Ս.թ. մայիսի 14-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ համագործակցության համաձայնագրի հանդիսավոր ստորագրումը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի միջև: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը ողջունեց Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին՝ համալսարանի դաստիարակչական գործողությունների ինստիտուտի փոխտնօրեն Գալինա Չեսնոկովային և օտար լեզուների ամբիոնի դոցենտ Օլեսյա Ցիգուլևային, և իր խոսքում առանձնապես կարևորեց հայ-ռուսական բուհական կապերի ամրապնդումը՝ հաշվի առնելով համակարգային առանձնահատկությունները և ընդհանուր պատմական անցյալը:

Համաձայնագրի հանդիսավոր ստորագրումից հետո տեղի ունեցավ գիտատեղեկատվական հանդիպում-քննարկում ԳԿՄԿ համապատասխան վարչակազմի և ամբիոնների վարիչների մասնակցությամբ: Առցանց քննարկումը վարում էր Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի հայազգի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, համալսարանի մանկության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Աղավելյանը:

Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի համապատասխան ստորաբաժանումներին և գործունեությանը ծանոթանալուց և ակտիվ հարցուպատասխանից հետո կողմերը համաձայնության եկան մեկնարկելու համագործակցությունը հետևյալ ուղղություններով.

  • ներգրավվածություն մասնագիտական հանդեսների խմբագրական կազմերում,
  • համատեղ գիտական հոդվածների պատրաստում և տպագրում,
  • ուսանողական առցանց գիտաժողովների կազմակերպում,
  • մագիստրոսական և թեկնածուական ատենախոսությունների համաղեկավարում։


Հանդիպման ավարտին Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին շնորհակալագրեր շնորհվեցին՝ կարևորելով այս ձեռքբերումը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջազգայնացման գործընթացում: