Գրական ցերեկույթ՝ նվիրված Համո Սահյանի ծննդյան 110-ամյակին
Ապրիլի 18, 2024Ապրիլի 18-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված 20-րդ դարի ականավոր բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 110-ամյակին։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ՈւԳԸ անդամները ներկայացրին Սահյանի կենսագրությունը, ստեղծագործական ուղին, ինչպես նաև հանդես եկան երաժշտական գեղեցիկ կատարումով և ասմունքով։ Միջոցառումը Հ.Սահյանի թողած գրական-ստեղծագործական ժառանգությունը վերստին արժևորելու, նրա թողած գեղարվեստական ժառանգությունը նոր հայացքով գնահատելու և մտորելու առիթ տվեց:
Համո Սահյանի պոեզիան ժամանակային սահմաններ չի ճանաչում, նրա ստեղծագործություններն այսօր էլ արդիական են հնչում, քանի որ առնչվում են հավերժական արժեքների՝ հայրենիքի, հոգեկան ներդաշնակության, սիրո և բնության թեմաներին։ Հ.Սահյանը կերտել է հայ մարդու նոր կերպարը, իսկ բնության հանդեպ նրա անսահման սերը դեռ երկար տարիներ շարունակելու է սերունդներ դաստիարակել։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին