Գլխավոր էջ





Գիտագործնական կոնֆերանս ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում

Նոյեմբերի 17, 2016

2016 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ընտանիքի հոգեբանություն. Հիմնախնդիրներ և հաղթահարման հոգեբանական մեխանիզմներ» վերտառությամբ գիտագործնական կոնֆերանսը, որին մասնակցում էին հոգեբանության ամբիոնի մագիստրոսական համակազմը, պրոֆեսորադասախոսական կազմը, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ստորաբաժանումների ներկայացուցիչներ, «Ժեստ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան-մասնագետներ:
Կենտրոնի հոգեբանության ամբիոնի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը ողջունեց արդեն ավանդույթ դարձած փոխհամագործակցային աշխատանքները՝ փաստելով, որ այդ համագործակցության արդյունքում պատրաստվում են նոր մագիստրոսական թեզեր, իրականացվում հիմնախնդիրները շոշափող խորը և բազմաբովանդակ հետազոտություններ, որոնց արդյունքները ներդրվում են հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Կատարված աշխատանքները ներկայացրեց նաև «Ժեստ» հոգեբանական ծառայության կենտրոնի տնօրեն, Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի դոցենտ Մարիամ Մեհրաբյանը. նա կարևորեց, այն փաստը, որ Կենտրոնի բազմաթիվ շրջանավարտներ, մագիստրոսական կրթություն ստանալուց անմիջապես հետո, մասնագիտական աշխատանքի են անցնում տարբեր ոլորտներում:
Լսվեցին կոնֆերանսի վերտառությանը համահունչ տարբեր զեկուցումներ, քննարկվեցին, վերլուծվեցին, տրվեցին հարցեր և պատասխաններ:
Կոնֆերանսի ավարտին ելույթ ունեցան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի քաղաքի «Ալիմենտի բռնագանձման և ամուսնալուծությունների» բաժնի հարկադիր կատարողներ Մայոր Մայա Տեր-Հարությունյանը և կապիտան Ասյա Հովսեփյանը, որոնք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ղեկավարության անունից շնորհակալական ու երախտիքի խոսքեր հնչեցրեցին՝ ուղղված ԳԿՄԿ-ի ղեկավարությանը՝ պրոֆեսիոնալ գործունեության համար, լիահուսություն հայտնեցին հետագա աշխատանքների շարունակականության առումով: