Հանրապետական կոնֆերանս՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 73-ամյակին
Նոյեմբերի 29, 20162016 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրապետական գիտական կոնֆերանս, որը նվիրված էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 73 ամյակին և կրում էր «Կայուն զարգացման հիմնախնդիրները և մարտահրավերները 21-րդ դարում» խորագիրը:
Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիրակրթական միջազգային կենտրոնի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը, ով մասնավորապես նշեց, որ ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի պրպտումների և եռանդուն աշխատանքի արդյունքում ծնված գիտաժողովը հավաստում է այն փաստը, որ լինելով մերօրյա Հայաստանի գիտական կաճառի` Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրոսներ, ապագա ասպիրանտներ, գիտությունների թեկնածուներ, այնուհետև դոկտորներ, ըստ էության, շահագրգիռ և ականջալուր են հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրներին և միտված վերջիններիս հաղթահարման ու նախականխման հնարավոր ուղիների որոնմանը, ունենալով հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կայուն զարգացման ու մարտահրավերներին դիմակայման իրենց մոտեցումները` սրբագրելով անցյալը, փաստելով այսօրը, ուրեմնվաղվա օրը կերտելու իրենց ուրվագծած տեսլականը:
Պլենար նիստում զեկուցումներով հանդես եկան փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մանուկ Հարությունյանը, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Քոչարյանը, իրավագիտության թեկնածու Լիլիթ Ղազանչյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Գոհար Գրիգորյանը, տնտեսագիտության թեկնածու Կարեն Սարգսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովհաննիսյանը և ուսանողական գիտական ընկերության նախագահ Միկիչ Փարսադանյանը:
Պլենար նիստին հաջորդեցին բաժանմունքային` քաղաքագիտություն և իրավագիտություն, պատմություն, լեզվաբանություն, կառավարում, հոգեբանություն, դեղագործություն և բժշկություն, ոլորտների նիստերը, որոնց ընթացքում զեկուցումներով հանդես եկան բացառապես մագիստրոսները, ասպիրանտներն ու հայցորդները՝ հանրապետության բոլոր բուհերից և գիտական կենտրոններից: Զեկուցումների ավարտին զեկուցողները արժանացան շնորհակալագրերի ու հավաստագրերի: