Գլխավոր էջ





Ասպիրանտական կրթության բարեփոխման հարցերն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրակարգում

Սեպտեմբերի 9, 2015

“ՎԵՐԻՏԱՍ՝ զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ԵՄ Տեմպուս դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված ՀՀ-ում ասպիրանտական կրթության բարեփոխման խնդիրներին:  

Աշխատաժողովին ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը և աշխատակիցներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների գիտական քարտուղարները, ինչպես նաև հյուրեր այլ բուհերից և կազմակերպություններից: Հրավիրված բանախոսներն էին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության քաղաքականության մշակման բաժի պետ Էդգար Ալեքսանյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Այնուհետև, զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը, որը ներկայացրեց «Վերիտաս» ծրագրի ընթացքը և ձեռք բերված արդյունքները: ՀՀ ԲՈՀ-ի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը զեկուցեց ՀՀ աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների մասին, իսկ Էդգար Ալեքսանյանը ներկայացրեց ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման նոր կարգի նախագիծը:

Աշխատաժողովի երկրորդ մասում հաղորդմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը և ներկայացրեց ասպիրանտական մասնագիտական կրթության ռազմավարական զարգացման ծրագիրը: Աշխատաժողովի վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնի պետ Կարինե Բեգոյանը, որը պատասխանեց նաև գիտ. քարտուղարներին հուզող ընթացիկ հարցերին: