Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ի վարչակազմն ընդունեց Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի պատվիրակությանը

Հունիսի 6, 2022

Ս.թ. հունիսի 3-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի վարչակազմն ընդունեց Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի պատվիրակությանը։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտքարտուղար Մերի Սարգսյանը մանրամասն ներկայացրեց Կենտրոնի գործունեությունը, որը նպատակաուղղված է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ հարուստ նյութատեխնիկական ներուժի հիման վրա բարձր որակավորում ունեցող գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը:

Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անժելա Պապիկյանը հյուրերին ներկայացրեց ակադեմիական շարժունակության, լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերի և կրկնակի դիպլոմների շրջանակներում իրականացվող Կենտրոնի կրթական ծրագրերը, որոնք բացառիկ հնարավորություն են ընձեռում ուսանողներին միաժամանակ ստանալ երկու հավատարմագրված մագիստրոսի կոչում իրենց ընտրած մասնագիտությամբ։

Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի (EUSP) գիտահետազոտական գծով պրոռեկտոր, սոցիոլոգիայի և իրավունքի դոցենտ, Ս.Ա. Մուրոմցևայի անվան իրավապահ մարմինների հիմնախնդիրների հետազոտական ինստիտուտի տնօրեն Կիրիլ Տիտաևը ներկայացրեց EUSP-ի գործունեության շրջանակը, որտեղ կարող են սովորել ռուսերեն և անգլերեն լեզուներով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, ստանալ լրացուցիչ մասնագիտական կրթություն, անցնել խորացված վերապատրաստման դասընթացներ և գիտական պրակտիկա կամ պարզապես մասնակցել անհատական դասընթացների: Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի առաքելությունն է միավորել ռուսական և համաշխարհային գիտության ավանդույթները և այդ հիմքի վրա պատրաստել նոր սերնդի գիտնականներ և փորձագետներ, ովքեր կարողունակ կլինեն աշխատել բարդ սոցիալական գործընթացների և գլոբալ մարտահրավերների հետ:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, դոցենտ, PANDAN ծրագրի համաղեկավար Վերոնիկա Կոստենկոն ներկայացրեց PANDAN լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագիրը, որը համախմբում է Եվրոպական համալսարանի ակադեմիկոս գիտնականներին և Yandex-ի ծրագրավորողներին նոր լեզու մշակելու և նորագույն տեխնոլոգիաների տիրույթներում երկխոսության հնարավորություն ստեղծելու համար:

Գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետի դոցենտ, Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեխնոգիտություն և նորարարություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, փիլիսոփայության դոկտոր Օլգա Բիչկովան պատմեց մագիստրոսական ծրագրի մասին, որը հատվում է գիտության սոցիոլոգիայի և նորարարության տնտեսագիտության, հանրային քաղաքականության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ և հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ գիտության և տեխնոլոգիաների առաջատար փորձագետներ, որոնք հետագայում կարող են քննադատորեն գնահատել ինչպես տնտեսական գործընթացները, այնպես էլ տեխնոգիտության սոցիալական ազդեցությունները:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին մի շարք արդիական հարցեր հետագա համագործակցության վերաբերյալ և հաստատեցին համատեղ համագործակցությունը զարգացնելու իրենց փոխադարձ պատրաստակամությունը։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին