Առցանց հանդիպում AFISHE ծրագրի շրջանակներում
Հոկտեմբերի 16, 2023Ս/թ հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին ԳԿՄԿ ուսումնական գծով փոխնօրեն Երջանիկ Զարգարյանը, ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ, AFISHE ծրագրի համակարգող Արուսյակ Հարությունյանը և ՀԱԱՀ ծրագրի համակարգող Գարեգին Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և ՀԱԱՀ-ի հետ համատեղ մշակվում է ձկնային տնտեսության մասնագիտացմամբ նոր մագիստրոսական կրթական ծրագիր, որի ավարտին տրվելու է համատեղ դիպլոմ, ուստի հանդիպումը նվիրված էր ուսումնական գործընթացի համապատասխանեցմանն ու ներդրմանն ուղղված հարցերին, մասնավորապես՝ գնահատման բաղադրիչների և գնահատման սանդղակների համապատասխանեցմանը երկու գործընկեր բուհերի միջև:
Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև քննարկվեցին ծրագրի լիցենզիայի համար դիմելու հաջորդական քայլերը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին