Գլխավոր էջ





Առցանց հանդիպում կուրսերի ավագների հետ

Մարտի 16, 2022

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան Ա. Մխիթարյանի ու հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լ. Ադամյանի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 16-ին տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումն ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության նախագահների և տարբեր կուրսերի ավագների հետ:

Հանդիպման նպատակն էր ուսանողների ներգրավվածության աստիճանի բարձրացումը Կենտրոնում իրականացվող միջոցառումներին, ծրագրերին և բազմաբնույթ դասընթացներին, ինչպես նաև ուսանողների կարիքների վերհանումը և դրանց համապատասխան լուծումների ներկայացումը:

Դեկան Ա. Մխիթարյանի հրավերով հանդիպմանը մասնակցում էին նաև «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները, ովքեր ծանոթացրին հիմնադրամի գործունեության շրջանակներում ուսանողներին ընձեռված հնարավորությունները: Հիմնադրամն ավարտական ֆակուլտետներում սովորող ուսանողներին առաջարկում է միանալ Առաջնորդության զարգացման ծրագրին և դառնալ կրթաթոշակի ծրագրի շահառու: Դեկան Ա. Մխիթարյանը ողջունելով ծրագրի գաղափարը՝ ընդգծեց, որ այն ամբողջովին փոխհատուցում է ուսանողի ավարտական ուսումնական տարվա վարձավճարը։

Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լ. Ադամյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, ձգտելով հետևողականորեն աջակցել իր ուսանողներին և շրջանավարտներին, նախատեսում է ստեղծել համապատասխան հարթակ աջակցելու աշխատանքի որոնման գործընթացում, ինչպես նաև ապահովելու ուսանողի մասնակցությունը տարբեր մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներին:

Առցանց հանդիպման ավարտին Ա. Մխիթարյանն ու Լ. Ադամյանը կոչ արեցին ուսանողներին լինել առավել ակտիվ, նախաձեռնող և հաջորդ հանդիպումը կազմակերպել սեփական նախաձեռնությամբ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին