«Նոր գիտելիքներով լի, հետաքրքիր ու հագեցած ուսանողական տարիներ եմ ունեցել», - ԳԿՄԿ շրջանավարտ Սանամ Գևորգյան
Հունիսի 11, 2024Սանամ Գևորգյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա մեր շրջանավարտներից է:
Վերջերս պաշտպանել է իր մագիստրոսական թեզը «Զբոսաշրջային կլաստերների ձևավորման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով: Իրեն հետաքրքրող ոլորտի վերաբերյալ Սանամը հետազոտել է ՀՀ-ում կլաստերների ձևավորման հնարավորություններն ու Գեղարքունիքի մարզի համար արել 2 զբոսաշրջային կլաստերների ստեղծման առաջարկներ:
ԳԿՄԿ-ում ուսման տարիների մասին խոսելիս ոգևորված նշում է. «Նոր գիտելիքներով լի, հետաքրքիր ու հագեցած ուսանողական տարիներ եմ ունեցել այստեղ, ինչպես նաև ձեռք եմ բերել լավ ընկերներ»: Սանամն ուսանողի իր պատկերացրած իդեալական կերպարն ունի, ով պետք է շատ պրպտող և հետաքրքրասեր լինի և կարողանա համառությամբ հաղթահարել իր ճանապարհին հանդիպող խոչընդոտները:
Սանամի կարծիքով ուսանողներին հանդիպող ամենամեծ խնդիրը աշխատատեղերի սակավությունն է. «Մասնագետներ շատ կան, բայց աշխատանք դժվար է գտնել, այնուամենայնիվ, ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա, պետք է մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվել և ձգտել ավելիին, քանի որ հաջողությունը աշխատասիրության արդյունք է», - նշում է Սանամ Գևորգյանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին