«ԳԿՄԿ-ն ինձ համար դարձավ շատ հարազատ վայր», - ԳԿՄԿ շրջանավարտ Լիանուշ Օհանյան
Ապրիլի 1, 2024Լիանուշ Օհանյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա մեր շրջանավարտներից է:
Խոհեմ և բանիմաց երիտասարդ շրջանավարտի համար ԳԿՄԿ-ում ուսման տարիները եղել են գիտելիքաշատ և հետաքրքիր: «Այստեղ ծանոթացել եմ բազում յուրահատուկ մարդկանց հետ, ովքեր առանձնանում են թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային բացառիկ որակներով», - նշում է Լիանուշը:
Ըստ Լիանուշի՝ գործարար վարչարարության մագիստրատուրայի ուսուցումը սովորեցրեց, թե ինչպես ստեղծել սեփական բիզնեսն ու գրագետ այն կառավարել։ Նա նշում է, որ ուսման ընթացքում այնպիսի գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերել, որոնք պարզապես առօրյա կյանքում էլ են անհրաժեշտ:
Մագիստրոսական թեզի թեմայի մասին խոսելիս Լիանուշը նշում է, որ ընտրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների մրցունակության բարձրացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեման, որի հետազոտության արդյունքում բացահայտել է ՀՀ-ում արհեստական բանականության ուղղվածությամբ աշխատող առաջատար ընկերությունները: «Թեզի շրջանակներում տարբեր ոլորտի ընկերությունների շրջանում կատարել ենք հարցում՝ պարզելու համար արհեստական բանականության ընդգրկվածությունը տարբեր ոլորտներում և դրա դերը աշխատաշուկայում: Իրականացրել ենք հետազոտություն՝ նպատակ ունենալով հասկանալ, թե աշխատանքի հայտարարությունների կայքերում գործող հաստիքներից քանիսի համար է պահանջվում արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման իմացություն», - ընդգծում է Լիանուշը:
Մեր մագիստրոսը բիզնեսի կառավարչի իր պատկերացումներն ունի, ով պետք է լինի համարձակ առաջնորդ, ունենա հստակ խոսք, կարողանա վստահություն ներշնչել, լինել ազնիվ և օրինակ ծառայել իր թիմակիցների համար, ինչպես նաև պետք է տիրապետի կառավարման հմտություններին և ունենա ռազմավարական վերլուծության կարողություն։
Մեր այն հարցին, թե արդյոք արդարացվել են Լիանուշի ակնկալիքները ԳԿՄԿ ընդունվելիս, վերջինս ընդգծեց. «ԳԿՄԿ-ն ինձ համար դարձավ շատ հարազատ վայր, որտեղ բացի որակյալ կրթությունից, ձեռք բերեցի նաև նոր ընկերներ։ Պարզապես ասել, թե ակնկալիքներս արդարացվել են, շատ քիչ կլինի այն ամենի համար, ինչ ձեռք եմ բերել ԳԿՄԿ-ի շնորհիվ։ Շնորհակալ եմ բոլոր դասախոսներիս, ովքեր նաև ընկեր են եղել ինձ համար, ԳԿՄԿ-ի ողջ անձնակազմին և ուսանողներին, որոնց հետ հասցրել եմ ընկերանալ այս կարճ ժամանակահատվածում», - իր խոսքը եզրափակեց Լիանուշ Օհանյանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին