«ԵՄ – ԿԱՄՈՒՐՋ» միջազգային ծրագրի մեկնարկը տրված է
Հունվարի 30, 2026
2026թ․ հունվարի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «ԵՄ - ԿԱՄՈՒՐՋ. Հայաստանում բարձրագույն կրթության ամրապնդում եվրոպական նախագծերի կառավարման համար» (EU Bridge: Strengthening Higher Education for European Project Management in Armenia) Էրազմուս+ միջազգային դրամաշնորհային ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։
«EU Bridge»-ը երկամյա ծրագիր է, որ համաֆինանսավորում է ստացել ԵՄ Erasmus+ ծրագրի շրջանակում և իրականացվելու է Հայաստանի, Իսպանիայի և Իտալիայի գործընկեր կառույցների համագործակցությամբ։ Այն նպատակ ունի ուժեղացնել հայկական բուհերի կարողությունները եվրոպական ծրագրերի մշակման և կառավարման ոլորտներում: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև բաց հասանելիությամբ թվային ուսումնական հարթակի ստեղծումը, որը կապահովի ուսուցման շարունակականությունը և ծրագրի արդյունքների երկարաժամկետ ազդեցությունը։ «EU Bridge»-ը կնպաստի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի միջազգայնացմանը, ինստիտուցիոնալ զարգացմանը և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում մեր երկրի դերակատարության ամրապնդմանը։
«EU Bridge» ծրագրի համակարգող բուհը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն է (ԳԿՄԿ)։ Ծրագրի մասնակիցներն են՝ Եվրասիա միջազգային համալսարան (Հայաստան), «ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման» ՀԿ (Հայաստան), Մուրսիայի համալսարան (Իսպանիա), «Էմպրեսաս քոն Վալորես» ՀԿ (Իսպանիա), Տուշայի համալսարան (Իտալիա)։
Մեկնարկային միջոցառմանը ներկա էին բուհական ոլորտում միջազգայնացման պատասխանատուներ՝ Հայաստանից և եվրոպական գործընկեր հաստատություններից, ծրագրում ներգրավված և շահակից կառույցների ներկայացուցիչներ։ Հանդիպումը, ինչպես իրավամբ նշվեց, միավորել էր ակադեմիական ղեկավարությանը, եվրոպական գործընկերներին և բարձրագույն կրթության հաստատությունների ներկայացուցիչներին, ովքեր ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ ամրապնդել բարձրագույն կրթությունը Հայաստանում համագործակցության, կարողությունների զարգացման և եվրոպական կրթական տարածքի հետ ավելի սերտ ինտեգրման միջոցով։
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը շնորհավորեց ԳԿՄԿ անձնակազմին, հայաստանյան և արտասահմանյան գործընկերներին այս հաջողության համար: Նա կարևորեց բարձրագույն կրթության ոլորտում նմանօրինակ նախագծերի դերը: Ա․Պապոյանը նշեց, որ շատ կարևոր է Հայաստանում ունենալ հետազոտությունների վրա հիմնված կրթություն, իսկ ԳԿՄԿ-ն՝ իր տեսլականով, համապատասխանում է դրան:
ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում արեց կարևոր շեշտադրումներ՝ անդրադառնալով օրվա խորհրդին, Ծրագրի կարևորությանը և նրա հաջողելու երաշխիքներին։ Նա մասնավորապես նշեց․ «Ծրագրի մեկնարկը և՛ ժամանակին է, և՛ կարևոր։ Հայաստանի համալսարանները գնալով ավելի ակտիվ են ներգրավվում եվրոպական և միջազգային ծրագրերում։ Այս աճող ներգրավվածությունը բացում է նոր հնարավորություններ, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է ուժեղ ինստիտուցիոնալ կառույցների, պատրաստված մասնագետների և արդյունավետ ծրագրային կառավարման կարողությունների անհրաժեշտությունը՝ կայուն և բովանդակալից մասնակցություն ապահովելու համար։ «EU Bridge» ծրագիրը մշակվել է հենց այս կարիքներին արձագանքելու նպատակով։
«EU Bridge»-ը նպատակ ունի աջակցել համալսարաններին՝ եվրոպական նախաձեռնություններում պարզապես մասնակից լինելուց անցում կատարելու դեպի ավելի վստահ և ռազմավարական ներգրավվածություն։
«EU Bridge»-ի ազդեցության շրջանակը շատ ավելի լայն է․ այն նպաստում է համալսարանների կառավարման արդիականացմանը և պրոֆեսիոնալ մոտեցումների ձևավորմանը, ինչպես նաև աջակցում է հայկական բարձրագույն կրթության երկարաժամկետ միջազգայնացմանը։
Որպես համակարգող հաստատություն՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը լիովին հանձնառու է աջակցել այս գործընթացին։ Միևնույն ժամանակ մենք խորապես համոզված ենք, որ «EU Bridge»-ի հաջողությունը կախված է ամուր գործընկերությունից, համատեղ պատասխանատվությունից և բոլոր կողմերի ակտիվ ներգրավվածությունից»։
Տնօրենն անդրադարձավ նաև Ծրագրի համատեղ տեսլականին, որն է՝ «ավելի ուժեղ համալսարաններ, ավելի պատրաստ եվրոպական համագործակցության համար և առավել ունակ՝ նպաստելու Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացմանը։ «EU Bridge»-ը տրամադրում է անհրաժեշտ շրջանակը․ այժմ մեր համատեղ պատասխանատվությունն է՝ այս հնարավորությունը դարձնել իրականություն»։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան: Նա նշեց, որ Erasmus+ ծրագիրը համարվում է տարածաշրջանում իրականացվող ամենահաջողված ծրագրերից, և «EU Bridge»-ը նույնպես կարող է համարվել արդեն իսկ հաջողված ծրագիր: Շտերբան անրադարձավ նաև վիզաների ազատականացման ծրագրին, որը նախաձեռնել են ՀՀ կառավարության հետ, և հույս հայտնեց, որ դրա իրագործումը կմեծացնի ուսանողների և բուհական աշխատակազմի շարժունության հնարավորությունները։
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանն իր ելույթում կարևորեց այն փաստը, որ գործարկվող ծրագրի շրջանակներում մշակվելու է նոր ուսումնական ծրագիր, ստեղծելու է եվրոպական ծրագրերի կառավարման փորձարարական ակադեմիա, նպաստելու է բուհերի միջազգայնացմանը:
Հայաստանում Erasmus+ ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը, ողջունելով այն փաստը, որ վերջին տարիներին հայաստանյան համալսարանները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում եվրոպական ծրագրերին, նշեց, որ Erasmus+ հայաստանյան գրասենյակը միշտ պատրաստ է սատարելու նմանօրինակ նախագծերին։ Նա «EU Bridge» ծրագիրը կարևորեց նաև այն հանգամանքով, որ ԳԿՄԿ-ն Erasmus+ ծրագրի շրջանակներում առաջին անգամ է հանդես գալիս որպես համակարգող բուհ:
ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը, որպես «EU Bridge» ծրագրի համակարգող, ողջունեց մասնակիցներին։ Նա նշեց, որ Ծրագիրն ուղղված է բուհերի դասախոսական կազմի, հետազոտողների, վարչական աշխատակիցների և ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ապա հստակեցրեց, որ Ծրագրի շրջանակներում կմշակվի եվրոպական նախագծերի կառավարման մասնագիտացված ուսումնական ծրագիր, կստեղծվի Պիլոտային ակադեմիա, սոցիալական նորարարության լաբորատորիա և գործնական մոդելավորման վրա հիմնված ուսուցման միջավայր։
ԳԿՄԿ-ի արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը և Ծրագրի մասնակից մյուս կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես եկան տեղեկատվական ելույթներով՝ ընդհանուր գծերով ներկայացնելով իրենց կառույցներն ու այս ծրագրում ունենալիք դերակատարումը:
Ծրագրի մասնակից իտալացի և իսպանացի գործընկերներն իրենց ելույթներում կարևորեցին եվրոպական ծրագրերի կառավարման փորձի տարածմանը միտված նախագծերը: Իսպանիայի «Էմպրեսաս քոն Վալորես» ՀԿ ներկայացուցիչ Շեյլա Ռուբիոն և Իտալիայի Տուշայի համալսարանի ներկայացուցիչ Ստեֆանիա Աստոլֆին ներկայացրեցին իրենց կառույցների փորձը՝ կարևորելով եվրոպական ծրագրերի կառավարման ուղղությամբ ուսումնական մոդուլների մշակման և տարածման հնարավորությունները:
Հունվարի 30-ին համագործակից կառույցներից ներկայացված աշխատանքային խմբերը շարունակեցին աշխատանքը, քննարկեցին Ծրագրի իրականացման պլանը և գործողությունների քարտեզը, ծավալեցին արդյունավետ քննարկումներ, ինչը նպաստեց մեկնարկային փուլին առնչվող կարևոր հարցադրումների վերհանմանը, տեսլականների և պայմանավորվածությունների հստակեցմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին
