ԳԿՄԿ շրջանավարտի վարպետաց դասը․ Տաթևիկ Աբովյան, զբոսաշրջության կառավարում
Նոյեմբերի 27, 2026
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) մեկնարկեց միջոցառումների նոր շարք՝ «ԳԿՄԿ շրջանավարտի վարպետաց դասը» խորագրով։ Նախաձեռնությունը ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնինն է։
Նոյեմբերի 25-ին կայացավ առաջին հանդիպումը՝ «Զբոսաշրջային պրոդուկտ․ գաղափարից մինչև շուկա» թեմայով։ Վարպետաց դասը վարեց ՎԱՄՕՍ զբոսաշրջային գործակալության հիմնադիր տնօրեն, ԳԿՄԿ «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Տաթևիկ Աբովյանը։
Ներկա էին ԳԿՄԿ «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողներ, ԳԿՄԿ աշխատակիցներ։
Հանդիպումն անցավ կառուցողական և ջերմ մթնոլորտում։ Խոսնակը մեծ սիրով լսարանին փոխանցեց զբոսաշրջային բիզնես հիմնելու և վարելու իր հարուստ փորձը՝ անդրադառնալով գործընթացի ռազմավարական կետերին, ինչպես նաև ռիսկերին ու դրանց արձագանքելու սեփական լուծումներին։ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին հարցուպատասխանի մեջ՝ սպառելով իրենց հետաքրքրող հարցերի շրջանակը։
Վարպետաց դասն արժանացավ ներկաների ընդգծված գոհունակությանը։ Նրանք ստացան մասնակցության հավաստագրեր։
Տաթևիկ Աբովյանն արժանացավ ԳԿՄԿ տնօրենության շնորհակալագրին, ինչը հանձնվեց Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի կողմից։
«Մենք հպարտանում ենք մեր շրջանավարտների հաջողություններով։ «ԳԿՄԿ շրջանավարտի վարպետաց դասը» շարքը կոչված է ԳԿՄԿ ուսանողների և շրջանավարտների միջև մասնագիտական կառուցողական երկխոսություն հաստատելու, շրջանավարտների համայնքն ակտիվացնելու և հանրության շրջանում մասնագիտական առաջավոր փորձը տարածելու։ Շնորհակալ ենք Տաթևիկ Աբովյանից, որ մեծ պատրաստակամությամբ համաձայնեց իր մասնագիտական փորձը տարածելու ԳԿՄԿ լսարանում։ Հուսով ենք, որ միջոցառումների այս շարքն արդյունավետ կլինի՝ խթանելով սկսնակ մասնագետների մոտիվացիան և ստեղծարար գաղափարների իրագործումը՝ ի նպաստ ոլորտի զարգացման»,– իր խոսքում ընդգծեց Հ․ Մելքոնյանը։
Տաթևիկ Աբովյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ դա համարելով մեծ պատիվ։ Նա նշեց, որ ԳԿՄԿ-ն կարևոր ներդրում է ունեցել իր մասնագիտական աճի հարցում, և պատրաստակամություն հայտնեց հաջորդիվ ևս իր նպաստը բերելու զբոսաշրջության կառավարման մագիստրանտների կայացմանն աջակցելու գործին՝ ԳԿՄԿ-ի հետ համագործակցելով ցանկացած այլ ձևաչափով։
Հանդիպման ավարտին քննարկվեցին համագործակցությունը նմանատիպ ձևաչափերով շարունակական դարձնելու հնարավորությունները։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին








