Գլխավոր էջ





ԳԿՄԿ անձնակազմը մասնակցեց «Էրազմուսյան օրերին» նվիրված վեբինարին

Հոկտեմբերի 27, 2026

«Էրազմուսյան օրերը» ամենամյա միջազգային վեցօրյա տոնակատարություն է, որը նվիրված է Եվրոպական միության Erasmus+ կրթական, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ծրագրին: Այդ օրերին աշխարհի տարբեր երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) կազմակերպվում են բազմաթիվ  միջոցառումներ՝ ներկայացնելու ծրագրի հնարավորությունները, ձեռքբերումները և կիսվելու հաջողված փորձով:

2026 թվականին «Էրազմուսյան օրերը» նշվել են հոկտեմբերի 12–17-ին։

2026 թվականի գլխավոր կարգախոսն էր՝ «Սովորել և աճել. հմտություններ վաղվա օրվա համար»: Շեշտը դրված էր այնպիսի հմտությունների զարգացման վրա, որոնք օգնում են երիտասարդներին ինտեգրվել ժամանակակից աշխարհում (թվային հմտություններ, թիմային աշխատանք, միջմշակութային հաղորդակցություն):

Հայաստանի Erasmus+ ազգային գրասենյակի, բուհերի և երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ այդ օրերին հանրապետության ողջ տարածքում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական և փորձի փոխանակման հանդիպումներ, մշակութային և կրթական միջոցառումներ։

Հոկտեմբերի 17-ին կայացավ փորձի փոխանակմանը նվիրված առցանց հանդիպում, որի շրջանակներում հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ ներկայացրել են իրենց Էրազմուս փորձառությունները՝ անդրադառնալով թե՛ բուն ակադեմիական, թե՛ կազմակերպական գործընթացներին։ Հանդիպմանը մասնակցություն է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ի դեմս ասպիրանտական փոխանակման ծրագրի կրկնակի շահառու (մասնագիտությունը՝ լազերային ֆիզիկա) Մերի Մարգարյանի և Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանի։

Եվ քանի որ, ինչպես նշվեց, ասպիրանտական շարժունությունը հայաստանյան միջավայրում հազվադեպ է, առաջինը ձայն տրվեց Մերի Մարգարյանին։ Նա խոսեց Իտալիայի Տելեմատիկ համալսարանում ունեցած իր ակադեմիական ձեռքբերումների մասին, այդ թվում՝ գիտաժողովների մասնակցության, ինչպես նաև հյուրընկալող բուհի դասավանդման մեթոդական առանձնահատկությունների և իտալական միջավայրի մարտահրավերների մասին։ Նշվեց, որ Erasmus+ ծրագիրը նպաստել է ոչ միայն իր մասնագիտական աճին, այլև տարբեր փափուկ հմտությունների զարգացմանը և մտահորիզոնի ընդլայնմանը։ Մերին պատասխանեց նաև հանդիպմանը միացած ուսանողների հարցերին՝ խրախուսելով, որ նրանք նույնպես դիմեն Erasmus+ ծրագրին՝ պատրաստ լինելով նաև ամենատարեր մարտահրավերների հաղթահարմանը։ Խոսք տրամադրվեց նաև Անժելա Պապիկյանին․ նա ներկայացրեց Erasmus+ շարժունության ծրագրերի կազմակերպման ընթացակարգերը՝ պատասխանելով ներկաների հարցերին։

Erasmus+ պատմությունների լուսաբանումը ԳԿՄԿ-ում ընդունված պրակտիկա է․ դրան են նվիրված ԳԿՄԿ պաշտոնական կայքում և սոցցանցային էջերում տեղ գտած մագիստրանտների, ասպիրատների և դասախոսների արտագնա, ներգնա շարժունությունների մասին պատմող բազմաթիվ հրապարակումներ։

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին