«ԵՄ կամուրջ»․ ԳԿՄԿ-ն տեղեկացնում է մեկնարկող միջազգային ծրագրի մասին
Հունվարի 26, 2026
Սույն թվականի հունվարի 23-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) կայացավ տեղեկատվական հանդիպում՝ նվիրված «ԵՄ կամուրջ» անվամբ մեկնարկող միջազգային ծրագրի բովանդակությանը, մասնավորապես՝ ծրագրի բացման արարողությանը, որ սպասվում է հունվարի 29-30-ին։
Նշենք, որ «ԵՄ կամուրջ»-ը ԳԿՄԿ-ի կողմից մշակված միջազգային դրամաշնորհային նախագիծ է, որ հաջողության է արժանացել և ֆինանսավորվել Եվրամիության կողմից։ Այն դառնալու է համագործակցության միանգամայն նոր որակի հարթակ՝ ապահովելով ակադեմիական, վարչական կազմերի, մագիստրանտների և ասպիրանտների միջազգային շարժունության զարգացումը։
Տեղեկատվական հանդիպման ընթացքում ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը և Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը ԳԿՄԿ աշխատակիցներին ներկայացրին ծրագրից ակնկալվող սպասելիքները, ծրագրի մշակման ընթացքում կարևորված հանգամանքները և առաջիկա միջոցառման օրակարգը՝ պատասխանելով ներկաների հարցերին։
Տնօրենն իր խոսքում ընդգծեց մեկնարկող ծրագրի կարևորությունը ԳԿՄԿ-ի համար՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին և հաջողություն մաղթելով մեկնարկին ու ողջ գործընթացին։ Նա մասնավորապես նշեց․ «EU Bridge» ծրագրի բարեհաջող իրականացումը կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող եվրոպական նախաձեռնություններում ՀՀ բուհերի ներգրավածության մեծացման վրա, այլև նպաստել տարբեր միջազգային ծրագրերում ներգրավված մասնագետների վերապատրաստմանը և գործնական կարողությունների ձևավորմանը»։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին



